Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ տեղադրվեց մանրակերտ, որը ներկայացնում է Շուշիի ազատագրման գործողությունը:
«Շուշին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարների բոլոր ժամանակներում ունի առանձնահատուկ տեղ, թեկուզև նրա համար, որ բավական երկար ժամանակահատված հետո հայ ժողովրդին վերջապես հաջողվեց իսկապես ռազմաքաղաքական մեծագույն հաղթանակ տանել: Դրանից հետո իսկապես շրջադարձ եղավ թե’ Արցախյան պատերազմում, թե’, ընդհանրապես, մեր ժողովրդի հոգեբանության մեջ: Շուշին հիմքն էր մեր բոլոր առաջիկա մեծ հաղթանակների և հաջողությունների»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Թաթուլ Հարությունյանը:
ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Անդրանիկ Ափոյանի կարծիքով էլ` Շուշիի ազատագրումը մեր հաղթանակների և մեր ոգու կայացման սկիզբն է: «Սա մեծ հաղթանակ է ու մեր համախմբվածության միասնության խորհուրդը»,- նշեց նա` հավելելով. «Մի պահ հեղափոխության ընթացքում կարծես դադարեց գործել ազգային միասնականության գաղափարախոսությունը, բայց կվերականգնվի, դա մի պահ էր: Ներկայիս սերունդը հզոր է. նա 2016 թվականի ապրիլին էլ ապացուցեց, ապագայում էլ կապացուցի: Մեծ Նժդեհն ասում էր. «Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»: Մեր սերունդը պատրաստ է շարունակել պապերի կիսատ թողած գործը»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի խոսքով` Շուշիի ազատագրումն Արցախյան ազատամարտի ամենացցուն հաղթանակն է ու ակամայից դարձել է ազատամարտի խորհրդանիշը: «Ամեն անգամ, երբ Շուշի եմ գնում, տեսնում եմ նրա անառիկությունը, թագավորական դիրքը և հպարտ հայացքը, ամեն վայրկյան ուղեղիս մեջ է` ինչպե՞ս էր հնարավոր կազմակերպել Շուշիի ազատագրումը, բայց երկրորդ վայրկյանին ունեմ համոզումը, որ դա հնարավոր դարձավ մեր արդար կամքի, մեր հայրենիքին ու հողին նվիրվածության շնորհիվ»,- ասաց նա:
ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տարոն Ղազարյանն էլ հայտնեց, որ նախաձեռնության նպատակը Շուշիի ազատագրման գործընթացը մեր հանրությանը ներկայացնելն է:
Հիշեցնենք, որ մանրակերտը նույն տեղում կցուցադրվի նաև վաղը` մայիսի 8-ին, իսկ մայիսի 9-ին` առավոտյան ժամը 9-ից, այն տեղադրվի «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ: