|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Yerkir.am-ն այսօր լրագրողների հետ հանդիպման եկած` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեց` իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու մեջ արդյո՞ք քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նա բացասական պատասխան տվեց`նշելով, որ խնդիրը մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն տրամադրելու մեջ է:
«Ես քաղաքական գործիչ չեմ, չեմ զբաղվում ու չեմ հետաքրքրվում դրանով, ինձ համար կարևոր է օպերայի և բալետի թատրոնի բարգավաճումը: Պարզապես, չգիտես` ինչու, Ղարիբյանը որոշել էր, որ իմ նշանակումն օրինական չէր: Ես էլ պատասխանել եմ՝ դա իմ հարցը չէ։ Ինձ նշանակելու վերաբերյալ որոշում կայացրել է կառավարությունը, այնպես որ` ասել եմ նրանց` դուք խնդիր ունեք կառավարության հետ, կառավարությանը դատի տվեք ու ճշտեք՝ օրինակա՞ն է եղել նշանակումս, թե՞ ոչ։ Ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն այս պաշտոնում, դա իմ կյանքի նպատակը չէր: Եթե իմ նշանակումն իսկապես անօրինական լիներ, ապա ինձ դեռ 10 ամիս առաջ կհեռացնեին: Գուցե սպասում էին, որ ինքս կգնամ, իսկ ես չեմ գնալու, որովհետև ինչպե՞ս եմ դա բացատրելու իմ կոլեկտիվին, ես չեմ կարող թողնել իմ թատրոնը։ Կա'մ ինձ հեռացնում եք, կա'մ՝ հանգիստ թողնում»,- ասաց Օրբելյանը` ավելացնելով, որ իր համար կարևորը Հայաստանի և հայաստանյան մշակութային կյանքի ծաղկումն է:
Աշխարհահռչակ մաեստրոն միաժամանակ շեշտեց, որ այս ամբողջ պատմությունը մուլտիմիլիոնանց PR էր Հայաստանի օպերայի համար: «Այժմ ամբողջ աշխարհը գիտի, որ Հայատանում կա օպերայի թատրոն, Օրբելյան կա, կան հրաշալի երգիչներ: Ինձ հիմա անընդհատ գրում են, հարցնում, թե` ի՞նչ եք անում: Բոլորն ուզում ենք գալ, տեսնել: Ամբողջ աշխարհի լրագրողներն են ուզում գալ Երևան, նրանք ոչ միայն օպերան տեսնելու են գալու, այլև ամբողջ Հայաստանը»,- ասաց նա:
Yerkir.am-ի մյուս հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի համացանցում օրեր շարունակ շրջանառվող այն լուրերը, թե իր հետ պատրաստվում է նաև դաշնամուրներն ու ներկայացումների հանդերձները տանել, Օրբելյանն արձագանքեց. «Ոչ մի տեղ ոչինչ էլ չեմ պատրաստվում տանել: Ես այստեղ եմ, բայց եթե ինչ-որ բան էլ տանելու լինեմ, ապա այն տեղ կգտնի Կոնստանտին Օրբելյանի անվան երաժշտական դպրոցում` Մալաթիայում: Ես ուրախ եմ, որ այն կա, հնարավորիությունների չափով պետք է օգտակար լինեմ այդ դպրոցին: Ի դեպ, աշխատասենյակում գտնվող ռոյալը հորեղբորս` Կոնստանտին Աղապարոնովիչ Օրբելյանինն է: Եթե ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ գնալու լինեմ, դպրոցին եմ փոխանցելու»: