կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 17:20
Հասարակություն

Սուրենավան համայնքի միջնակարգ դպրոցին կից ջերմատուն է բացվել

Այսօր Արարատի մարզի Սուրենավան համայնքում  տեղի է ունեցել տեղի միջնակարգ դպրոցին կից հիմնված ջերմատան բացումը, որտեղ աճեցվող բանջարեղենը կօգտագործվի որպես լրացում դպրոցներում տրամադրվող սննդին։

Ջերմատունը հիմնվել է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող §Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում: ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՊԳԿ-ի կողմից «Սոցիալական և արդյունաբերական սննդի ճյուղային ինստիտուտ» միջազգային կազմակերպության հետ համատեղ՝ նպատակ ունենալով մեծացնել դպրոցականների և տեղական համայնքի սննդակարգի բազմազանությունը և բարելավել սնուցումը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչներ, մի շարք գերատեսչությունների, Արարատի մարզպետարանի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով՝ նման ծրագրի իրականացումը կարևոր է, քանի որ դպրոցահասակ տարիքից երեխաները դաստիարակվում են աշխատանքով, հասկանում են աշխատանքի արժեքը, տեսնում են իրենց ձեռքով մշակված բերքը։

«Կոլեկտիվում կար ոգևորվածություն՝ ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների շրջանում։ Դա նշանակում է, որ ջերմատունը կլինի ուշադրության կենտրոնում, շատ և որակով բերքի ստացումը լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի ծրագիրը հաջողություն ունենա»,- նշել է Աշոտ Հարությունյանը։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ հանրապետության մնացած ուսումնական հաստատություններում ևս հնարավորության դեպքում նման ծրագրեր կիրականացվեն՝ ընդգծելով, որ Գյուղատնտեսության նախարարությունն իր հերթին պատրաստ է աջակցել և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի  գիտական կենտրոնում արտադրվող  տեղական բարձրորակ սերմեր տրամադրել նրանց։

ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ծրագրի համակարգող Զարուհի Բեգլարյանը նշել է, որ Արարատի մարզում ընդհանուր առմամբ երեք ջերմատներն են հիմնվել՝ Վեդի, Վերին Արտաշատ և Սուրենավան համայնքներում՝ հագեցած ժամանակակից ջեռուցման, օդափոխության և կաթիլային ոռոգման համակարգերով: Սուրենավանի ջերմատունն ամենամեծն է՝ 528 մ2 ընդհանուր տարածքով,  ջերմատանը աճեցվող լոլիկն ու վարունգը կմատակարարվի  նաև շրջակա դպրոցներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին