կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 16:36
Տնտեսական

Հայաստանը, ներդրումային առումով, բաց երկիր է, պարզապես տնտեսությունը թույլ է զարգանում, ինչպես ՌԴ-ի դեպքում. Բորիս Տիտով

Հայաստանը, ներդրումային առումով, բաց երկիր է, պարզապես տնտեսությունը թույլ է զարգանում, ինչպես ՌԴ-ի դեպքում. Բորիս Տիտով

Գինեգործության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության լուրջ պոտենցիալ կա: Այս մասին Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև-Տալլին տեսակամրջի ընթացքում ասաց ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը՝ նշելով, որ հայկական գինեգործությունը լուրջ արդյունքների է հասել միջազգային մակարդակով: 

«Մի նոր ընկերություն կա, որը միջազգային գինեգործական շուկայում բոլորին ապշեցրել է իր արտադրանքի որակով: Այնպես որ` այս ոլորտում մեծ հնարավորություններ կան` ռուսական շուկայում  հայկական գինիների և կոնյակի վաճառքի առումով: Զարգացման ներուժ կա, գործընթացը սկսված է: Ինչ վերաբերում է արդյունաբերական այլ ճյուղերին, չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, եթե այսպես շարունակվի մեր համագործակցությունը, ապա մենք պատրաստ ենք այստեղ բերել մեր գաղափարները: Բայց մինչ այս պետք է լսենք մեր գործարարներին՝ հասկանալու նրանց հետաքրքրությունները»,-նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս արձագանքեց ռուսական բիզնեսը ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությանը, ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպանը պատասխանեց, որ գործարարները ոչնչով չեն տարբերվում շարքային քաղաքացիներից, և նրանք նույնպես քաղաքական տարբեր հայացքներ ունեն:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի բնակչության և գործարարների մեծամասնությանը դուր են գալիս ժողովրդավարական գործընթացները, և նրանք հասկանում են, որ հայ ժողովուրդն արտահայտեց իր դիրքորոշումը, որը պետք է հարգել: Իհարկե, ՌԴ-ում կան այնպիսիք, որոնք քաղաքական այլ հայացքների տեր են՝ կոմունիստական, ազգայնամոլական: Բայց ձեռնարկատերերի մեծ մասի համար Հայաստանը ներդրումային երկիր է, ներդրումային ուղղություն է: Հայաստանը միշտ բաց երկիր է եղել և մնում, և եթե տնտեսությունը սկսի զարգանալ, ապա ներուժն առավել կընդարձակվի: Ցավոք, և' Հայաստանի, և' Ռուսաստանի տնտեսությունը թույլ է զարգանում, մենք այդքան արագ չենք զարգանում կամ հիմնականում զարգանում ենք հումքային ոլորտում: Եթե սկսենք վարել տնտեսական այնպիսի քաղաքականություն, որը կխթանի ձեռնարկատիրությունը, և նման քաղաքականություն լինի նաև ՀՀ-ում, ապա ամեն ինչ ավելին կլինի, քանի որ տնտեսական մեր համագործակցության ներուժը շատ մեծ է»,- ամփոփեց Բորիս Տիտովը: