կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 16:26
Իրավական

Պարզվում է մասնակիցների շրջանակը. Շշի Մելոյին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների փաստով քրգործ է հարուցվել

Պարզվում է մասնակիցների շրջանակը. Շշի Մելոյին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների փաստով քրգործ է հարուցվել

Տեղեկացրել էինք, որ այսօր Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 7 վիրավոր: Կրակոցները հնչել էն «Պարտեզ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին, որը հայտնի է Շշի Մելո մականունով: 

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հարուցվել է քրեական գործ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ և ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ։

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Մասնակիցներից մեկի մասնակցությամբ ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները։

Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։