Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը հետպատերազմյան այսպիսի ծանր ժամանակահատվածում նման լուրջ պրոցեսի մեջ մտնելու և շահած դուրս գալու հնարավորություն չունի։ Սահմանազատման գործընթացն ինչ-որ փուլում պետք է լինի, բայց այս հարցում չպետք է լինի շտապողականություն․ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Գործող իշխանությունը, պատգամավորի խոսքով, սահմանազատման գործընթացում որպես հիմք է ընդունում խորհրդային քարտեզներն ու անընդհատ հղում անում դրանց, այնինչ՝ սովետական ժամանակաշրջանում տեղի ունեցած վարչական փոփոխությունները միջազգային իրավունքի առումով պարտադիր չեն մեզ համար։
«Սովետական ժամանակաշրջանում Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող այդ փոփոխությունները եղել են Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային միության սահմանադրության խախտումներով։ Սրանից բացի, մենք գտնում ենք, որ ի սկզբանե հայտարարելը սովետական քարտեզներով առաջնորդվելու մասին նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները։ Մենք ասում ենք նաև հետևյալը. որպես բանակցությունների նյութ՝ քարտեզները կարելի է հաշվի առնել, բայց ամբողջության մեջ միայն այդ քարտեզների վրա հիմնվելը չի բխում ՀՀ և Արցախի շահերից», - շեշտեց պատգամավորը։
Նա հավելեց, որ սահմանազատման գործընթացը ենթադրում է բանակցությունների ծանր փուլ ընդգրկող երկար տարիներ, ինչպես նաև հայկական կողմի համար շահեկան գործիքակազմի առկայություն, այնինչ՝ գործող իշխանությունը դրա հնարավորությունը չի ստեղծել։
«Իշխանությունը, ի սկզբանե հայտարարելով «ադրբեջանական անկլավների» մասին, տարբեր բնակավայրերի ադրբեջանական տեղանուններ տալով, նեղացրել է մեր բանակցային հնարավորությունները և մեկնարկային փուլում Հայաստանին բավականին վատ դրության մեջ գցել»,- ասաց Աբրահամյանը։
Նա ընդգծեց՝ դելիմիտացիայի գործընթացը նաև մասնագիտական խոր քննարկումներ է ենթադրում, ինչը ևս չի իրականացվել։