Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը, որով Միացյալ Նահանգներն օգնություն է ցուցաբերելու Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնություններին։ Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս. հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որն ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում՝ և կրոնական կազմակերպությունների միջոցով»,- նշել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողությանը Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Այկազյանը: Մյուս կրոնականները արտերկրից էին ժամանել: «Այս փաստաթղթով մեր պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն և ամեն կերպ նյութական ու բարոյական օգնություն պետք է տրամադրի նրանց»,- ասել է նա:
Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով՝ ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել ինչպես Իրաքում և Սիրիայում բնակվող, արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այդպես էլ՝ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների և եզդիների միջև. «Նրանք, ովքեր գաղթական են և ծանր վիճակում են, նույնպես պետք է օգտվեն ամերիկյան նպաստից: 300 միլիոն դոլարի մասին է խոսքը»:
Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում, նշում է արքեպիսկոպոսն՝ ավելացնելով, որ Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից:
Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված. «Ես հայ եմ, ասացի: «Օ՜, հայերը, ասաց, խելացի և աշխատասեր ժողովուրդ են»: Այո, ասացի, և բարեկամներդ են»: