Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Javakhkmedia.com-ի զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը:
– Պարո'ն Սարգսյան, ՀՀ-ն ապրում է նախընտրական շրջան: ՀՀ-ում բնակվում են հարյուր հազարավոր ջավախահայեր, որոշ տվյալներով վերջիններիս թիվը շուրջ 400,000-ի սահմաններում է: Բնականաբար, շատերը կփորձեն օգտվել այս ռեսուրսից: Որպես ջավախահայության հիմնահարցի գիտակ` ի՞նչ խորհուրդ կտաք ձեր հայրենակիցներին: Ո՞վ է ավելի արժանի քաղաքական ուժը, որին պետք է պաշտպանի ջավախահայությունը:
– Որպես քաղաքական կողմնորոշում ունեցող անձ` կարող է սուբյեկտիվ հնչել, այդուհանդերձ, բազմաթիվ իրողություններ, փաստեր և հանգամանքներ մեզ մղում են հայտարարելու, որ ՀՀ-ում բնակվող ջավախահայությունը լիարժեք հիմքեր ունի դեկտեմբերի իննին իր քվեն տալու հայ իրականության մեջ ամենաառանցքային գաղափարական ուժին` ՀՅԴ-ին: Ինչու՞: Նախ և առաջ ՀՅԴ-ն այն քաղաքական կուսակցությունն է, որի աշխարհասփյուռ միավորներից (Կենտրոնական Կոմիտեներ, Հայ դատի գրասենյակներ և հանձնախմբեր, երիտասարդական և ուսանողական միություններ, ուղեկից միությունների` ՀՄԸՄ-ի և ՀՕՄ-ի մարմիններ և այլն) յուրաքանչյուրն իր ոլորտում և շրջանակներում իրականացնում են ջավախահայությանն առնչվող ազգօգուտ ծրագրեր: Մեկը` միջազգային ատյաններում է բարձրացնում ջավախահայության ձայնը, մյուսը բարեգործական հսկայածավալ միջոցառումներով է հանդես գալիս, երրորդը` կրթադաստիարակչական ծրագրերով և այլն: Բավական է նշել, որ ՀՕՄ-ի միջոցներով արդեն մոտ երկու տասնյակ է Ախալցխայում, Ախալքալաքում, վերջերս նաև` Նինոծմինդայում գործում են երիտասարդական-մշակութային խոշոր կենտրոններ, որտեղ հարյուրավոր սաներ հաղորդակից են դառնում իրենց արմատներին, ազգային մշակույթին, պատմությանը և այլն: Բնականաբար, ՀՕՄ-ի ծրագրերը Ջավախքում բազմաթիվ են և բազմոլորտ` առողջապահականից մինչև սոցիալական և այլն: Բոլոր ջավախահայերը թող հիշեն, որ իրենց տներում փակցված «Ջաւախք և յարակից շրջաններ» ազգաբաշխական քարտեզը պատրաստվել և հրատարակվել է ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի միջոցներով, իսկ 2002 թ. Բեյրութում լույս տեսավ իր բնույթով եզակի «Հայրենի Ջաւախք» ժողովածուն:
ՀՅԴ Եվրոպայի կառույցների և ուղեկից միությունների ներկայացուցիչները բազմաթիվ հեղինակավոր ատյաններում բարձրաձայնում են Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի առաջ քաշած առանցքային մի շարք մտահոգություններ, նույնկերպ միջազգային ասպարեզում մեծ հռչակ վայելող առանձին դաշնակցականներ մշտապես հանդիպումներ են ունենում նաև Վրաստանի իշխանությունների հետ և օրակարգ մղում Ջավախքի խնդիրները: Տարբեր երկրներում լույս տեսնող ՀՅԴ մամուլի էջերում մշտապես առկա է ջավախահայության ձայնը:
– Իսկ կա՞ այլ պատճառ, ըստ որի` ջավախահայությունը պետք է պաշտպանի ՀՅԴ-ին:
– Իհարկե: Հիշենք, որ ՀՅԴ համամասնական և վարկանիշային ցուցակներում ընդգրկվել են պատկառելի հեղինակություն ունեցող ջավախահայ գործիչներ: Կրկնում եմ` ՀՅԴ-ն ներկայանում է գործիչներով, ովքեր իրենց ողջ կյանքը կամ կյանքի կարևորագույն մեկ շրջան նվիրել են Ջավախքին: Սա հատուկ շեշտում եմ, քանի որ այսօր որոշ ուժերի կազմում նկատում եմ Ջավախքի անվամբ իրենց պաստառները զարդարող թեկնածուների, որոնց մասին ջավախահայությունը լսում է առաջին անգամ: Կոռեկտ չէ Ջավախքը հիշել միայն ընտրությունների նախօրյակին կամ հակառակը, ընտրությունների նախօրյակին հիշել ջավախքցի լինելու հանգամանքը: Ջավախահայության քվեն վաստակել է պետք, ինչը և արել են ՀՅԴ թեկնածուները:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ: