«Հրապարակը» գրում է.«Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները վերջին օրերին ինտենսիվ հանդիպում են պատգամավորության ընդդիմադիր թեկնածուների հետ: ՀՀԿ-ականները, մեր տեղեկություններով, հատորներով «նյութ» են տրամադրում եվրոպացի գործընկերներին, որոնք կարող են թանկ նստել Հայաստանի իշխանության հեղինակության վրա:
Մասնավորապես, փաստեր են ներկայացնում իրենց նկատմամբ ճնշումների, մարդկանց վախեցնելու, տարածքներում վախի մթնոլորտ հաստատելու, նոր իշխանությունների կողմից տարբեր գործողությունների վերաբերյալ: Ընտրության հաջորդ օրը ԺՀՄԻԳ-ը կներկայացնի ընտրությունների նախնական զեկույցը, իսկ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի մոտ 2 ամիս անց:
Երեկ, օրինակ, նրանք այցելել են Արարատի մարզից ՀՀԿ-ական թեկնածու առաջադրված Մուրադ Մուրադյանին: «Եկել են մարզի իմ նախընտրական շտաբ, ժամուկես նստել են, հարցնում են՝ բա էս մարդ չի՞ գալիս ձեր շտաբ, ասել եմ՝ չէ, վախենում են: Հարցրին՝ քանի՞ անդամ ունեք մարզում, ասեցի՝ 4 հազար 147, բա տոմս ունե՞ն, ասեցի, որ ՀՀԿ անդամ են, ուրեմն տոմս էլ ունեն: Այո, ամեն ինչ պատմել եմ էս վախի մթնոլորտի մասին, ասել եմ՝ մարզպետը սաղին վախեցնում է, իր շտաբում ամբողջ օրն իրար խփում են, հիմա մեր մոտ անեին, սաղիս հավաքել-տարել էին, երևի բաց էլ չթողնեին, բայց հիմա կտեսնենք իրանցից ում են բռնում, ինչ են անում»,- ասել է Մուրադյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: