կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-24 16:35
Հասարակություն

Գավառի նորաբաց թատրոնը հանդես է եկել առաջին ներկայացմամբ

Գավառի նորաբաց թատրոնը հանդես է եկել առաջին ներկայացմամբ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը, հիմնավերակառուցումից հետո, նոյեմբերի 23-ին իր դռները բացեց թատերասեր հասարակության առջև: Գեղարքունիքի մազրպետարանից տեղեկացնում են, որ բեմում «Սալոմե» ներկայացումն էր՝ դերասանների հիացնող կատարումներով: 

Ներկայացմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզը 2011-2018 թվականներին ղեկավարած մարզպետները, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Տեղական ինքնակառավարման մարմինների, մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հյուրեր: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ղափանցյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի նախկին մարզպետներ Նվեր Պողոսյանին, Ռաֆիկ Գրիգորյանին, Կարեն Բոթոյանին, Իշխան Սաղաթելյանին և ներկա մարզպետ Գնել Սանոսյանին, ովքեր իրենց ղեկավարած ժամանակահատվածում մեծ աջակցություն են ցուցաբերել թատրոնի շինարարական աշխատանքների ընթացքին եւ գործունեության ապահովմանը: «Ողջ քալանթարցիներս շնորհակալ ենք՝ այս հոյակապ շինությունը մեզ տրամադրելու համար: Թատրոնի դերասանական կազմը երեբեք չի հուսահատվել, նույնիսկ ամենադժվարին պայմաններում նրանք խաղացել են, հյուրախաղերով շրջել մարզի տարածքում, հույս ունենալով, որ գալու է այս օրը: Այսուհետև այս շքեղ կառույցում նրանք ավելի հարուստ խաղացանկով հանդես կգան՝ հաճույք պատճառելով հանդիսատեսին: Հույս ունեմ, որ մարզի թատերասեր հասարակությունը կվերականգնի նախկին ավանդույթը և սիրով ու հետաքրքրությամբ կայցելի թատրոն»,- նշեց թատրոնի տնօրենի պաշտոնակատարը: 

Իր խոսքում Ղափանցյանը ներկայացրեց նաև թատրոնի անցած ճանապարհը՝ սկսած 1892 թվականից, նշելով, որ այն տվել է ճանաչված ու վաստակաշատ դերասաններ. հյուրախաղերով այս թատրոնի բեմում խաղացել են հայ մեծանուն դերասաններ Վահրամ Փափազյանը, Բաբկեն Ներսիսյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը և այլոք: