կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-23 16:16
Քաղաքական

«Լուսավոր Հայաստան»-ի համար ՀՀԿ-ն թիրախ չէ

«Լուսավոր Հայաստան»-ի համար ՀՀԿ-ն թիրախ չէ

Դեկտեմբերի 9-ից սկսվելու է  կառուցելու և համակարգ ստեղծելու ժամանակաշրջանը, որտեղ «Լուսավոր Հայաստանն» ունենալու է իր ուրույն դերը. այսօր լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ 

Կուսակցության առաջնորդը վստահ է, որ նոր  ձևավորվելիք  խորհրդարանում  իրենք լինելու են  2-րդ քաղաքական միավորը, ընդ որում՝ ընդդիմադիր: «Ինչո՞ւ երկրորդը, որովհետև առաջին միավորի հարցն արդեն իսկ լուծված է։ Հեղափոխության կանոններն այդպես են՝  միշտ էլ  հեղափոխություն իրականացրած ուժը դոմինանտ աջակցություն է ունենում։ Դեկտեմբերի 9-ին քաղաքացիներն ընտրելու են ընդդիմություն, քանի որ իշխանության հարցը լուծված է»,- ասաց նա:

Անդրադառնալով նախորդ խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի ստեղծման նպատակին` Մարուքյանն ակնարկեց, որ եթե ՀՀԿ-ի դեմ  առանձին  գնային, ֆիասկո կունենային, իսկ այսօր դաշինքով գնալու իմաստ չկա: «Այն ժամանակ պետք էր համախմբվել  ռեժիմի դեմ, հիմա չկա ռեժիմ, ուստիև՝  համախմբվելու անհրաժեշտություն: Այսօր «Լուսավոր Հայաստանը» բացառիկ հնարավորություն ունի իր գույնը բերելու քաղաքականություն: Մենք տարբեր ենք, մենք տարբեր էինք «Ելք»-ի ներսում: Մեր դեբատների ժամանակ ծնվել են լուսավոր գաղափարներ, ժամանակին դրանք եղել են փակ՝ ֆրակցիայի կամ դաշինքի ներսում, այսուհետ դրանք կլինեն հրապարակային: Դուք դրանք կտեսնեք 7-րդ գումարման ԱԺ-ում»,- ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի`  ընդդիմություն լինելու պնդումներին` նա նշեց, որ  Հայաստանի պատմության  մեջ որևէ մեկը քննադատելով  ընդդիմություն չի դարձել, ընդդիմություն դառնում են գործողություններով. ՀՀԿ-ն չի այրել կամուրջները, չի ընդունել սխալները, չի տվել կոռուպցիոն գոնե 5 կեղեքիչի անուն: «Նրանք ասե՞լ են, որ այրում են կամուրջները նրանց հետ: Եվ հետո` Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահ է, և ՀՀ քաղաքացիները չունեն զգացողություն, որ նա ընդդիմության առաջնորդն է: Ընդդիմությունն ապագա իշխանությունն է, ես չեմ կարծում, որ քաղաքացիները ՀՀԿ-ին տեսնում են որպես ապագա իշխանություն: Գուցե 20 տարի հետո, երբ նոր ՀՀԿ լինի»,- ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը վստահ է՝  ՀՀԿ-ն չի հաղթահարելու  անցողիկ շեմը: Նա շեշտեց նաև, որ  ՀՀԿ-ն իրենց համար թիրախ չէ այլևս: