Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Սպարտակ Ղարաբաղցյան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ
-Մոմերը, մոմեերը մարե, երթանք,- Տեր-հոր բամբ ձայնն էր, որ արձագանքեց դատարկ սրահում:
Ժամկոչը չհավատաց լսածին, կարծես ուրիշի ձայնն էր եկեղեցում: Քիչ առաջ այս ձայնը հավատացյալներին Սբ. Գրքից խրատներ ու խորհուրդներ էր քարոզում եւ ուրիշ ձայն էր, երկնային...
Տեսնելով, որ ժամկոչը անտարբեր մնաց, կամ չլսեց, Տեր-հայրը նորից կրկնեց.
-Խուլցա՞ր:
-Խուլ չեմ տեր-հայր, լսածիս չհաւատացի... մոմերը մարե՞մ...
-Մարե, մարե...երթանք...
Ժամկոչը նայեց վառվող մոմերին, ձեռքը տարավ արանքներում արդեն մարմրող մի քանի մոմերը հավաքեց, հետո նայեց նոր-նոր վառված բոցկլտացող մոմերին, մեղավորի պես ետ տարավ ձեռքն ու հրաժարվեց տեր-հոր հրամանը կատարելուց.
-Անհարմար է Տեր-հայր, մինչեվ վերջ թող այրին ասոնք... Աստծո տուն մտնելեն ետք ասոնք այլեւս մոմեր չեն:
-Հաբա ի՞նչ են,- նետեց Տեր—հայրը...
-Աղոթք են, սիրածին հասնելու մուրազ են, արու զավակ ունենալու փափաք են...
-Անկյունում բոցկլտացող մոմե՞րն ալ...
Ժամկոչը հասկացավ Տեր-հոր ակնարկը: Անկյունինը անառակ կնոջ մոմերն էին...
-Անոնք ալ ապաշխարանքի մոմեր են:
-Ապաշխարանքի՜...,- արհամարհանք կար Տեր-հոր ձայնի մեջ:
-Աստծո առաջ բոզն ալ, անառակն ալ, խաբեբան ալ...բոլորը, բոլորն ալ հավատացյալ են...
Ժամկոչից գինի էր բուրում: Գինու բուրմունքը Տեր-հորը հուշեց ասելիքը.
-Մոմի կարեվոր-անկարեվորի մասին՝ ինծի քարոզ մի կարդա. Լավ է ըսես. Ի՞նչ եղան եկեղեցուն նվիրած գինիները:
Ժամկոչը Տեր-հոր ակնարկը հասկացավ՝ իր բաժինն էր ուզում... Հետո մեղք խոստովանողի պես ավելացրեց.
-Գայթակղեցա, Տեր-հայր, անգամ մը, եթե բերեն, ամենը քեզ կու տամ...
Տեր-հայրը փրփրեց.
-Ալ բավ է. Սրբազանին պիտի ըսեմ...
Գինին ժամկոչին ավելի համարձակ էր դրաձրել, ու նա էլ, գրեթե նոյն տոնով պատասխանեց.
-Ես ալ ըսելիք ունեմ Սրբազանին...
-Ի՞նչ պիտի ըսես,- հեգնախառը ժպիտով հարցրեց Տեր-հայրը...
-Օրը կուգա, կըսեմ...
Տեր-հայրը, վստահ, որ ժամկոչի ասածը փուչ խոսքեր են, ինքնավստահ ասաց.
-Ասորմէ լաւ օր չկա, ըսէ նայիմ...
-Դուն Սրբազանին ի՞նչ պիտի ըսես, որ գինի՞ կսիրեմ...
-Սիրելը մե՛ղք է, գինեմոլ ես, պիտի ըսեմ...
-Դուն ալ,- ժամկոչը հազիվ զսպեց իրեն, ու լեզուն խածածի պես լռեց.
-Ըսէ, ըսէ,... եւ ալ ի՞նչ...
Ժամկոչը խորհրդավոր լռեց, ու Տեր-հորը խնայելով ասես հարցրեց.
-Ըսե՞մ, Տեր-հայր...
-Ըսէ,ըսէ,- անտաբեր քամահրանքով պատասխանեց Տեր-հայրը...
-Դուն ալ եկեղեցուն նվիրած մետաքսը ուրիշ բանի համար գործածել ես:
Քար լռություն տիրեց: Տեր-հայրը հայացքը աջ ու ձախ տնտղեց, ասես ուզում էր վստահ լինել, հօ ուրիշ մեկը չլսե՞ց: Կաս-կարմիր կտրեց, ասես գինին ոչ թէ ժամկոչը, այլ ինքն էր խմել... Հետո հանցանքի մեջ բռնվածի պես, գրեթե շշուկով հարցրեց.
-Ո՞վ ըսավ:
-Դերձակը,- պատասխանեց ժամկոչը:
-Դերձա՞կը... ի՞նչ ըսավ...
-Ըսավ երեցկնոջ համար ազնիվ մետաքսեն աղվոր գիշերանոց ու...
Տեր-հայրը ընդհատելով, անկապ հարցրեց.
-Տեսա՞ր...
-Ի՞նչը,- զարմացավ ժամկոչը:
-Գիշերանոցը, վարտիքը...
- Ես ինչո՞ւ պիտի տեսնեմ... վարտիքը, գիշերանոցը հանող-հագցնողի աչքը լույս... մեղա՜...մեղա՜...
.... Եկեղեցու բոլոր մոմերը գրեթե մարել էին, կամ էլ վերջին առկայծումներն էին աջ-ձախ թռչկոտում...
Միայն հեռավոր անկյան անառակ կնոջ ապաշխարանքի մոմերն էին անմար բոցկլտում... Այս ինչքա՜ն մեղք կա աշխարհում...
Նոյեմբեր 2018
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։