Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած խնդրի լուծման` տեսականորեն երեք տարբերակ կա՝ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնա Հայաստանին և լինի Վաղարշակ Հարությունյանը, երկրորդ՝ եթե լինի Բելառուսի ներկայացուցիչը, երրորդ՝ եթե ոչ մեկի թեկնածությունը չհաստատվի, և Վալերի Սեմերիկովը շարունակի մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը քիչ հավանական է համարում Հայաստանի ներկայացուցչի թեկնածության հաստատումը դեկտեմբերի 6-ին: «Քիչ հավանական եմ համարում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինի Հայաստանի ներկայացուցիչը: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից երկու օր առաջ կհամաձայնի, որ Բելառուսի թեկնածուն ընտրվի, կրկին քիչ հավանական է։ Ըստ էության` հնարավոր է, որ Լուկաշենկոն և Նազարբաևը համաձայնեն Հայաստանի ներկայացուցչի թեկնածությանը: Ի վերջո, ժամանակին նրանք համաձայնեցին Յուրի Խաչատուրովի թեկնածությանը, բայց այդ ժամանակ այլ իրավիճակ էր, ամեն ինչ բանակցային գործընթացում էր տեղի ունենում, այսպես բացահայտ չէր, նաև՝ Ռուսաստանն է համոզել այդ երկրներին, ոչ թե Հայաստանը, և փոխարենն ինչ-որ բան է տվել»,- ասաց նա:
Ըստ Իսկանդարյանի` այն, ինչ տեղի է ունեցել, կարելի է շախմատային տերմինով ցուգցվանգ կոչել: «Ինչպես էլ վարվես՝ ավելի վատ է լինելու։ Ասենք՝ երկարաձգվի ռուս թեկնածուի պաշտոնավարումը, իսկ հետո` ի՞նչ. ստիպված ենք լինելու ամիսներ հետո համաձայնել Բելառուսի թեկնածուին։ Եթե Բելառուսի ներկայացուցիչը լինի, այդ դեպքում 2020թ.-ին ի՞նչ է լինելու. այդ ժամանակ ընտրություններ չեն լինելու, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն էլ նույնը չի լինելու։ Ներսի և դրսի ընկալումներում ասիմետրիան տարբեր է. ելնելով ներքին քաղաքականությունից՝ շատ բաներ չես տեսնում, օրինակ՝ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, և ամբողջ աշխարհը պետք է ճանաչի դրանք, բայց ամբողջ աշխարհը չի ճանաչում։ Լուկաշենկոն ինչո՞ւ է այսպես վարվում. Լուկաշենկոն միշտ է այսպես վարվում, դա Լուկաշենկոյի քաղաքական պահվածքի ձևն է Ռուսաստանի և Ղազախստանի հետ հարաբերություններում, մասնավորապես` ՀԱՊԿ-ի ներսում: Ոչ մի նոր բան չկա։ Նազարբաևն էլ է միշտ այնպես վարվում, ինչպես հիմա։ Դա ուղղակի որակով կատարված տնային աշխատանքի մասին է խոսում, այն մասին, թե ինչ ուղղումներ են ներդրվում մարդու մոտ՝ ինքնաթիռում, մինչև նա կմեկնի բանակցությունների»,- ասաց քաղաքագետը: