Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանում ստեղծել են այնպիսի մի իրավիճակ, որից ավելի վատը հնարավոր չէ ստեղծել: Ներկայումս ունենք մի համակարգ, որտեղ մարդը ահավոր անպաշտպան է, նա փողոց է նետված, եւ ոչ ոք իրենով չի հետաքրքրվում: Իշխանությունների մասին խոսելու համար ո'չ ցանկություն, ո'չ էլ ժամանակ եմ ուզում տրամադրել: Դա չեմ ասում ատելությունից, այլ պարզապես անիմաստ եմ համարում, որովհետեւ առանց հասարակական պահանջի ու ըմբոստության հնարավոր չէ իշխանությունների ուշադրությունը որեւէ խնդրի վրա բեւեռել»,- այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անցկացված ասուլիսում ասել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը: Ըստ նրա` Հայաստանում ինչ-որ բան կարող են փոխել միայն մի քանի ՀԿ-ներն ու լրագրողները:
«Մեկ նյութի, մեկ խնդրի մասին պետք է 10-15 անգամ գրվի, որ որեւէ բան փոխվի, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»,- ասել է Վ. Թումասյանը:
Բնակարանների բաշխման գործընթացը Վ.Թումասյանին թափանցիկության առումով, ի տարբերություն նախորդ տարիների, առանձնակի դժգոհության առիթ չի տալիս, բայց գործող օրենսդրության համաձայն` բնակարանները բաշխվում են ըստ նախօրոք կազմված հերթացուցակի, եւ կարող է ստացվել այնպես, որ արտերկրում ժամանակավորապես բնակվող անձը, ով գուցեեւ չունի բնակարանի կարիք, գա եւ ստանա բնակարան, իսկ ծայրահեղ պայմաններում ապրող գյումրեցին շարունակի ապրել տնակում:
Այն հարցին, թե իր դիտարկմամբ ինչքանո՞վ են օբյեկտիվ կազմված հերթացուցակները, Վ.Թումասյանը պատասխանեց, որ իրենք երբեմն հայտնաբերում ու գրանցում են խախտումներ, բայց դրանց մասին շատ հաճախ չեն կարողանում բարձրաձայնել`անվտանգության եւ իրենց կառույցի հետագա գործունեությունը չվտանգելու նկատառումով:
Անօթեւանությունից զատ, Գյումրու ամենացավալի եւ ամենակարեւոր հիմնախնդիրներից է նաեւ արտագաղթը, որն հսկայական ծավալների է հասել: Ինչպես նշեց Վ.Թումասյանը, իշխանությունների եւ հասարակության ամբողջ ներուժը պետք է ուղղված լինի արտագաղթի կանխմանը ու դրա դրդապատճառների վերացմանը:
«Գյումրիում հիմնականում երկու պատճառ կա արտագաղթի. գործազրկություն եւ անօթեւանության խնդիրներ»,- եզրափակեց Վ.Թումասյանը: