կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-31 12:43
Հասարակություն

Կառավարության ներկայացուցիչը «Քամեդի քլաբ»-ին վայել պատասխան է տալիս. Նաիրա Զոհրաբյան

Կառավարության ներկայացուցիչը «Քամեդի քլաբ»-ին վայել պատասխան է տալիս. Նաիրա Զոհրաբյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը պատգամավորներին ներկայացրեց նախարարության` 2018 թվականի բյուջեի քաղաքականությունը: Խաչատրյանին հարցեր ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

«Ո՞ւր կորան 850 մլն դոլարի ներդրումները, որ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է ապահովեիք»,- հարցրեց նա և խնդրեց, որ պարտքերը, որոնք բեռ են մեր և մեր սերունդների վրա, ներդրում չհաշվեն: Ապա պատգամավորը ասաց, որ կառավարությունը 2017-ի համար կանխատեսել է 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն ցանկացած քաղաքագիտական տրամաբանություն հուշում է, որ փուչիկ է այն աճը, եթե այդ աճի տակ իրական զարգացում չկա:

Բացի այդ, ըստ Զոհրաբյանի, ունենք խայտառակ գնաճ: «Առաջին անհրաժեշտության ապրանքները 50 տոկոսով թանկացել են»,- ասաց պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև պետական ապարատի օպտիմալացումներին: «2017-ին պետական ապարատում 700 աշխատատեղ է կրճատվել` «օպտիմալացում» գեղեցիկ անվան տակ: 2018-ին նախատեսվում է 5560 աշխատատեղի կրճատում: Հարցս շատ կոնկրետ է՝ ի՞նչ խորհուրդ կտաք այդ մարդկանց, ում օպտիմալացում անվան տակ կրճատել եք և կրճատելու եք»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Խաչատրյանը նախ անդրադարձավ տնտեսական աճի մասին` պատգամավորի գնահատականին: «Ինը ամսվա ընթացքում մենք ունենք առարկայական արդյունքներ` 11 տոկոսը գերազանցող` արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալի աճ և 19 տոկոսը գերազանցող` ապրանքների արտահանման աճ: Դրանք փուչիկ չեն, դրանք հասցե ունեցող թվեր են»,- ասաց նա, ապա ավելացրեց. «Ամուլսարի ներդրումները ներդրում չե՞ն»:

Զոհրաբյանը չհամբերեց իր` արձագանքելու հերթին և ասաց. «Դրանք շատ աննշան են»:

Խաչատրյանը շարունակեց թվել, թե որ ոլորտում ինչքան աճ է գրանցվել: Ինչ վերաբերում է օպտիմալացմանը և աշխատատեղերի կրճատմանը, ապա նա նշեց, որ 9 ամսվա ընթացքում նոր աշխատատեղերի քանակը գերազանցում է 3300-ը, մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի 5500-ը, ապա ընդգծեց, որ այդ միտումները շարունակվելու են 2018 թվականի ընթացքում: «Այն աշխատակիցները, ովքեր պետական կառավարման ապարատում կառուցվածքային փոփոխություններից հետո կփորձեն գտնել իրենց տեղը մասնավոր հատվածում, կունենան համարժեք հնարավորություն»,- ասաց փոխնախարարը:

Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. «Ուզում եմ, որ էն 5560 պետծառայողները, ովքեր օպտիմալացվելու են, այս մեր զրույցը արձանագրեն, որին մենք կանդրադառնանք մեկ տարի հետո»:

Վերջում պատգամավորը հավելեց. «Ձեր կառավարության ներկայացուցիչներից մեկը հարցին՝ ի՞նչ ձեռքբերում է արձանագրել ձեր ոլորտը, «Քամեդի քլաբ»-ին վայել պատասխան էր տվել` հույս, հավատ և սեր: Ցավով պետք է ասեմ, որ նույնիսկ այդ հույսն ու հավատը մենք չենք արձանագրել»: