կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-08 14:31
Հասարակություն

Ֆրանսիայում հայ, հույն, քուրդ և ֆրանսիացի գործիչները դեմ են արտահայտվել Էրդողանի այցին Փարիզ

Ֆրանսիայում հայ, հույն, քուրդ և ֆրանսիացի գործիչները դեմ են արտահայտվել Էրդողանի այցին Փարիզ

Ֆրանսիայում մի շարք մտավորականներ, գիտնականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ կտրականապես դեմ են արտահայտվել նոյեմբերի 11-ին Փարիզում անցկացվելիք Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցության նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին. տեղեկացնում է Tert.am-ը:

Ըստ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայության` ակցիայի մասնակիցների հրապարակած համատեղ հայտարարությունը ստորագրել են նաև ֆրանսահայ համայնքի ազդեցիկ կազմակերպությունների անդամները:

Կոչին միացել են հայտնի ֆրանսիացի փիլիսոփա Պասկալ Բրյուկները, Ֆրանսիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ներկայացրած պատգամավոր Վալերի Բուայեն, «Արևելքի քրիստոնյաների համակարգում» կազմակերպության ղեկավար Պատրիկ Քարամը, Ֆրանսիայում Կիպրոսի հույների համայնքի նախագահ Էվագորաս Մավրոմատիսը, Փարիզի քրդական ինստիտուտի նախագահ Քենդալ Նեզանը, այլք:

Էրդողանին Փարիզում տեսնել չցանկանալու գլխավոր պատճառներից են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը, Կիպրոսի և Թուրքիայի քուրդ բնակչության դեմ վարած քաղաքականությունը, հակասեմական տրամադրությունների պարբերական բորբոքումն ու երկրում խոսքի և մտքի ազատության կոպիտ խախտումները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արվել «հստակ ուղերձ հղել Էրդողանին, որ փարիզյան միջոցառումներին նրա մասնակցությունը չի նշանակում, որ Ֆրանսիան հավանություն է տալիս նրա վարած քաղաքականությանը»:

Հայտնի է, որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող մարմինն (CCAF) իր հերթին առանձին նամակ է հղել Մակրոնին՝ իր բողոքն արտահայտելով Էրդողանի այցի հետ կապված: