կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-25 13:39
Հասարակություն

Ամեն զոհի հետ ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում. Փաշինյան

Ամեն զոհի հետ ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում. Փաշինյան

Հրազդանում Արցախյան հերոսամարտի հուշահամալիր բացվեց: Հուշարձանի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն գոյություն չունի:

«Բայց ինչի համար են զոհվել տղաները՝ մի՞թե հանուն մահվան: Ամենևին էլ ոչ: Նրանք զոհվել են հանուն կյանքի, և ամեն զոհի հետ ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում, ծանրանում և ուժեղանում: Նման հուշարձանները ոչ թե զոհվածների համար են, այլ՝ մեզ, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ ընկել է մեր ուսերին յուրաքանչյուր զոհի հետ: Որ ամեն անգամ այս բարձր կողմերից երևացող հուշարձանների մոտով անցնելիս ու նայելիս վերագտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերագտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն, արդարությունը, եթե հանկարծ պարզվի՝ անարդարություն ենք գործել, հայցենք ներողություն, եթե որևէ մեկի նկատմամբ անարդար ենք վարվել, հպարտանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք և, ի վերջո, ժպտանք, որովհետև այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, նրանք զոհվել են երջանկություն բերելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ զոհված տղաները երջանկություն բերելու համար արել են իրենցից կախված առավելը, և մենք երջանկություն բերելու համար պետք է անենք մնացածը: «Ամեն առավոտ մենք պետք է խոնարհվենք այս հուշարձանների առաջ, ամեն երեկո մենք պատասխան պետք է տանք այս հուշարձանների համար, պետք է պատասխան տանք մեր արածների ու չարածների համար: Ամեն օր մեր արածները պետք է ավելի շատ լինեն, քան չարածները: Մենք ապրում ենք, քանի որ պատասխանատվություն ունենք անցյալի և ապագայի առաջ»,- ասաց Փաշինյանը: