կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-22 14:24
Քաղաքական

Հիմա պետք է ոչ թե անընդհատ հեղափոխություններ անենք, այլ... Փաշինյան

Հիմա պետք է ոչ թե անընդհատ հեղափոխություններ անենք, այլ... Փաշինյան

Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք չեն կարող լինել. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով հարցին` արդյո՞ք Քոչարյանի վերադարձը նրան մտահոգում է:

«Ինչո՞ւ եք ինձ հարցնում, գնացեք փողոց և մարդկանց հարցրեք, տեսեք` իրենք ոնց են վերաբերվում: Ես չեմ այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը, ժողովուրդն է, ուրեմն հարցրեք ժողովրդին: Չնայած չեմ կարծում` այնպիսի պատասխաններ լսեք, որոնք արժանի կլինեն եթեր հեռարձակելուն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանն ուղղված քննադատություններին, վարչապետն ասաց, որ դա համաշխարհային ընդունված գործիք է: «Հիմա կան կոնկրետ իրավիճակներ. իրավապահ մարմինները զեկուցում են, որ մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ: Ակնհայտ է, որ դրանք ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարներ են, բայց այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ գումարների ծագումնաբանությունը քննելու, դրանք վերադարձնելու վերաբերյալ»,- նշեց նա:

Վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ պետք է հանրաքվեների ինստիտուտն ուժեղացնել: «Պետք է լինեն հարցեր, որոնք պետք է լուծվեն հանրաքվեով: Մեր հանրությունը թավշյա հեղափոխությամբ ցույց տվեց, որ ինքը կարող է որոշել: Հիմա մենք պետք է ոչ թե անընդհատ հեղափոխություններ անենք, այլ ստեղծենք ինստիտուտներ, որոնք հանրությանը հնարավորություն կտան կարևորագույն հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնել»,- եզրափակեց նա: