կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-28 11:50
Քաղաքական

ՓՄՁ աջակցության նպատակով տեսանելի մեխանիզմներ կստեղծվեն

ՓՄՁ աջակցության նպատակով տեսանելի մեխանիզմներ կստեղծվեն

Այսօր կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Հարցի էությունն այն է, որ մանրածախ և մեծածախ առևտուրը տարանջատվի առևտրի ցանցերում, ինչը հնարավորություն կտա, որ փոքր սուբյեկտները կարողանան մրցակցել առևտրային ցանցից դուրս:

«Գաղափարը ընդունելի է մեզ համար, քանի որ դա կառավարության կարևոր ուղերձներից մեկն է եղել, բայց կարգավորման առաջարկված ձևակերպումները մի շարք հարցեր են առաջացնում, օրենսդրության մեջ պետք նույն կերպ սահմանվեն»,- ասաց նախարարը` հավելելով, որ հենց այդ պատճառով առաջարկվում է օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկման ենթարկել:

Բացի այդ` օրենքի նախագծում բացակայում են մի քանի իրավական կարգավորման նորմեր: Արծվիկ Մինասյանի խոսքով` այս տեսքով օրենքի նախագիծն ընդունելի չէ, ուստի համատեղ աշխատանքի ընթացքում միասնական մոտեցում կցուցաբերեն ու կուղարկեն ԱԺ: Վարչապետն արձագանքեց, որ փոքր բիզնեսի աջակցման շրջանակներում կարևոր կարգավորում է առաջարկվում, հիմա լուրջ աշխատում են այդ ուղղությամբ: Վաղը վարչապետը խորհրդակցություն է անցկացնելու ՓՄՁ աջակցության թեմայով, որ կոնկրետ որոշվեն անելիքներն ու ուղղությունները:

«Ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, բայց որ ՓՄՁ-ն լուրջ աջակցության կարիք ունի, և կառավարությունը միջոցներ կձեռնարկի դրա համար, դա միանշանակ է: Բոլորս դրա հետ կապված համակարծիք ենք»,- ասաց Փաշինյանը:

Գործադիրում առաջարկվեց նաև տոնավաճառների վարձավճարների ճշգրտումներ անել, որպեսզի վարձակալության պայմանները լինեն հրապարակային:

Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ կարևոր ուղղում է առաջարկվում` տոնավաճառների վարձավճարները պետք է լինեն հրապարակային, և այս ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ ու քննարկումներ կլինեն` հենց ՓՄՁ ներկայացուցիչների, տոնավաճառների կազմակերպիչների մասնակցությամբ: