Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ տնտեսվարողներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Հրանտ Սաֆարյանը։
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր Հանրապետության տնտեսության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնցից ամենահրատապը ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած արտահանման և ներքին սպառման հետ կապված խնդիրներն են։ Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը պետք է առաջին հերթին նպաստեն երկրի տնտեսության ակտիվացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշակել նոր գործիքակազմեր, որոնց հիմքում կդրվեն արդյունավետության, թափանցիկության, հասցեականության և ներառականության սկզբունքները։
Արցախի նախագահը հանձնարարել է պատասխանատու կառույցների ղեկավարներին ուսումնասիրել և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել աջակցության ավելի երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրեր առավել խոցելի տնտեսվարող սուբյեկտների ու բնագավառների համար: Երկրի ղեկավարը նշել է, որ տնտեսության կայուն զարգացման շրջանակներում առաջիկայում համապատասխան աշխատանքներ կտարվեն նաև այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք չեն օգտվում պետական աջակցության ծրագրերից։