կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-07 17:55
Քաղաքական

Կառավարության գործունեության գնահատականը կտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ հանրության կողմից. Արմենուհի Կյուրեղյան

Կառավարության գործունեության գնահատականը կտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ հանրության կողմից. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի ելույթը Ազգային  ժողովում:

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի նախագահություն, գործընկերներ, կառավարության անդամներ

Այսօր քննարկում ենք ՀՀ կառավարության ծրագիրը, որում կառավարության առաջիկա մեկ տարվա գործունեության  առանցքային նպատակը ձևակերպված է որպես  Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրում:

2015թ. դեկտեմբերին, Դաշնակցության էական դերակատարմամբ, համակարգային փոփոխություն արձանագրվեց` երկրում փոխվեց սահմանադրություն, կառավարման խորհրդարանական համակարգի ստեղծման հիմքեր դրվեցին: Կառավարման այդ համակարգն ի սկզբանե հենց կոչված էր երկիրն ազատել քաղաքական մենաշնորհից, որոշումներ կայացնելու որևէ մեկ կուսակցության մենաշնորհից և դրա արդյունքում երկիրն ազատել ֆինանսատնտսական մենաշնորհներից և տանել ցանկալի զարգացման ճանապարհով:

Այո, ստեղծվել էին այդ հնարավորությունները, սակայն գերվարչապետական կառավարում ձևավորելու փորձը հետքայլ էր դեպի նախագահական, կիսանախագահական, և որն այլևս չհանդուրժեց մեր ժողովուրդը, 20-րդ դարի սկզբի հայ մեծ բանաստեղծ Ռուբեն Սևակի խոսքերով` «հայ ժողովուրդը մարդկօրէն կատղեց»:

Բողոքի, ոչ բռնի հեղափոխության հուժկու ալիքի ազդեցության տակ վարչապետ Սերժ Սարգսյանը կայացրեց այդ ժամանակի և գուցե նաև իր կյանքի համար ամենակարևոր և դժվար որոշումը` հրաժարական տվեց:

Ընտրվեց նոր վարչապետ, նոր կառավարություն և այսօր այդ կառավարությունը ծրագիր է ներկայացրել, որն արդեն մի քանի օր է, հանրության տարբեր խմբերի կողմից լայն քննարկումների է արժանանում: Եվ մենք` պատգամավորներս, իրավունք չունենք հաշվի չնստել դրանց հետ` ծրագիրն ընդունելու վերաբերյալ մեր որոշումը կայացնելիս:

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը` իբրև ազգային, ժողովրդավար, սոցիալիստական և հեղափոխական  կուսակցություն, մշտապես պայքարել է հայ մարդու և հայության քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար:

Դաշնակցության համար Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեք են:

 Բարձրագույն արժեք են մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները:

Հարկ է, որ Հայաստանի քաղաքացին հավատա իր պետության և իր ընտանիքի  վաղվա օրվան, մասնակիցը դառնա այդ ապագայի կերտմանը:

 Անհրաժեշտ է թռիչքաձև, կայուն զարգացման նախադրյալներ ստեղծել, թարմ շունչ հաղորդել հասարակական կյանքի բոլոր ոլորտներին, իսկ այդ ամենն առաջին հերթին ենթադրում է.

  • Իրավունքի գերակայություն և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնություն և քաղաքացիական համերաշխություն,
  • Կոռուպցիայի հանրային մերժում և կոռուպցիայից ազատ հանրություն, քաղաքականության և բիզնեսի հստակ տարանջատում,
  • Մարդու իրավունքների պաշտպանվածություն,
  • Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառում, տնտեսական մրցակցության պաշտպանություն, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն,
  • Աղքատության հաղթահարում, սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացում:

Այսինքն` առանցքային նշանակություն ունեցող նպատակներ, որոնք որպես կառավարության գործունեության հիմնարար ուղենիշեր, ամրագրված են մեր հաստատմանը ներկայացրած ծրագրում, ուղենիշեր, որոնց կատարումը հնարավորություն կտա երկրում սկսած բարեփոխումները անշրջելի դարձնել, խորացնել ու ավարտին հասցնել:

Այս առումով Դաշնակցությունը միակամ է աջակցելու, որպեսզի կառավարությունն իր ծրագրի կատարման գործընթացում հաջողի:

Խիստ կարևոր են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը միտված ծրագրային դրույթները.

Ընդունելի և իրատեսական են արտաքին և ներքին անվտանգությանը միտված ծրագրային քայլերի առաջարկը, կոռուպցիայի դեմ պայքարին միտված ծրագրային քայլերի առաջարկները` հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարման, ֆինանսների ու գնումների թափանցիկություն, իրավաբանական անձանց գործունեության թափանցիկություն և այլն:

Ընդունելի և իրատեսական են տնտեսական ակտիվությունը խրախուսող հարկային և մաքսային քաղաքականությունը, պետության ներգրավվածության, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն ու սոցիալական համակարգի, ինչպես նաև գյուղատնտեսության, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների  ինստիտուցիոնալ խոշոր ծրագրերի վերանայումների առանցքային  հարցերը:

Ընդունելի և իրատեսական է երկրում բիզնես միջավայրի բարելավման, արտաքին շուկաներում հայկական ապրանքների ներգրավվածության ընդլայնման , տեղական արտադրության և բարձրարժեք  ծառայությունների, գիտելիքի և ինովացիայի վրա հիմնված տնտեսական համակարգի ձևավորման, ներդրումների ներգրավման, համահայկական ներուժի մեկտեղման առանցքային ուղղությանը միտված կառավարության գործունեության ուղենիշը:

Ընդունելի և իրատեսական են գյուղատնտեսության ոլորտում սկսված նախաձեռնությունները՝ փոքր գյուղական տնտեսություններին օգնող ծրագրեր, չմշակվող գյուղատնտեսական հողերը մշակելու ուղղությամբ կառավարության գործուն քայլեր ձեռնարկելու միտումը, վարկային բեռի թեթևացմանն ու մատչելի ֆինանսավորման հասանելիության ապահովմանը միտված քայլերը:

Ճիշտ է, նշված ոլորտներում ձևակերպված նպատակներին հասնելու SMART գործողությունների շարքն առկա չէ ծրագրում, սակայն դրանց բացակայությունն արդարացվում է այն բանով, որ կառավարությունն իր առաջ որակական փոփոխությունների, մթնոլորտի փոփոխության նպատակ է դրել:

Բայց, ամեն դեպքում, կրելով նաև պատասխանատվություն ներկայացված ծրագրի ընդունման հարցում, չեմ կարող, հարգելի կառավարություն, Ձեր ուշադրությունը չհրավիրել հետևյալ մի քանի հարցերի վրա.

-         Ծրագրից մեջբերում. «Միմյանց նկատմամբ հարգալից լինելու, հերթ կանգնելու մշակույթը պետք է արմատավորվի հետևողական քաղաքականության արդյունքում»: Ցավոք սրտի, այսօր իրականության մեջ մեր երկրում եթե հերթեր կան, ապա արտագաղթողների, երկրից հեռանալ ցանկացողների շրջանում, բանկերում վարկեր ձևակերպելու նպատակով կամ հիվանդանոցներում` անվճար բուժում ստանալու համար: Ճիշտ կլիներ հետևողական քաղաքականության արդյունքում ունենայինք հերթեր չծնող, նման հերթեր բացառող միջավայրի այլևս առկայություն:

-         Հաջորդ մեջբերումը. «Կառավարությունը համոզված է, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունը տնտեսական ու ներդրումային դրական սպասումներ է առաջացրել: Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ  վերածվելու են ներդրումային հոսքերի, և կառավարությունը մտադիր է այդ հոսքերը ուղղորդել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով աշխատատեղեր ստեղծելու միտված ներդրումները»:

Ստացվում է, որ մարզերի զարգացման համար նախատեսված են մեծ հավանականությամբ ենթադրվող, կրկնում եմ, հավանականությամբ ենթադրվող ներդրումային հոսքերը: Իսկ եթե չլինեն այդ ներդրումները:

-         Մեկ այլ մեջբերում. «Պետության և կառավարության գործունեության գործնական նշանակությունը պետք է լինի ….մարդու երջանկության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը»:

Գիտեք, երևի թե քչերը չեն համաձայնի ինձ հետ, եթե ասեմ, որ երջանկությունը անհատական զգացողություն է, ինչպես ասում են` յուրաքանչյուրը երջանիկ է յուրովի: Եվ մեկի երջանկությունը կարող է դառնալ մյուսի դժբախտության պատճառ:

Ինձ թվում է, պետք է զերծ մնալ նման բազմիմաստ, հստակություն չենթադրող ձևակերպումներից:

Ամփոփելով ելույթս` ուզում եմ նշել, որ ծրագիրն, ի վերջո, ենթադրում է ավելի շատ և առաջին հերթին որակական փոփոխություններ, քանակական ցուցիչների բացակայությունը մեծ խնդիր չէ, եթե հաշվի առնենք, որ առաջնային է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն ու կայացումը ամենաշատը մեկ տարվա ընթացքում: Եվ այդ ժամանակահատվածում կառավարության գործունեության գնահատականը կտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ հանրության կողմից հենց հանրային հավաքական գնահատմամբ` խորհրդարանական ընտրությունների արդյունքի տեսքով:

Պարո'ն Փաշինյան, ժողովուրդը Ձեզ է տվել վարչապետ դառնալու իր վստահության քվեն, Ձեզ է տվել կառավարություն կազմելու և մեկամյա գործունեության ծրագիր կազմելու իր վստահության քվեն, և մենք ծրագրի ընդունման հարցում մեր որոշումը կայացնելիս չենք կարող հաշվի չառնել այդ իրողությունը:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ և Կառավարությանը` այս բարդ իրավիճակում իր առջև դրված բավականին լուրջ, դժվար իրականացվելիք խնդիրների լուծման գործընթացում»: