կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 17:20
Քաղաքական

Կառավարության և նախագահի գործունեության գնահատականը 90%-ով բացասական է

Կառավարության և նախագահի գործունեության գնահատականը 90%-ով բացասական է

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նախքան իր հարցը հնչեցնելը, մեջբերեց տվյալներ կառավարության կողմից պատվիրված սոցիոլոգիական մի հետազոտությունից: Պատգամավորի խոսքով` այդ հետազոտության մեջ, ըստ էության, տրված է ՀՀ կառավարության գործունեությանը, ՀՀ նախագահի գործունեության գնահատականը, և այդ գնահատականների 90 տոկոսը բացասական է:

 

Պատգամավորը հարցրեց, թե բարեփոխումների ի՞նչ ռազմավարություն է առաջարկում կառավարությունն այդ հետազոտությունից հետո: «Կարծում եմ, որ այս փաստաթղթից հետո կառավարությունը պետք է հրաժարական տար, որովհետև եթե այս ամբիոնից անընդհատ խոսում եք բարեփոխումների մասին, իսկ քաղաքացիների 75 տոկոսը բացասական գնահատական է տալիս այդ բարեփոխումներին ու չի հավատում դրանց, ուրեմն պետք է կանգնեք ու հարց տաք` միգուցե մենք էլ ենք սխալ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց այդ հետազոտության համար, որովհետև, ըստ նրա, դրանում արտացոլված են կառավարության թերությունները: Այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս շտկելու այդ թերությունները: «Ձեր գնահատականների հետ բացարձակ համաձայն չեմ, որովհետև Դուք աղավաղում եք այս գործիքի դերն ու նշանակությունը: Սա միջազգային մեթոդաբանությամբ արված հետազոտություն է, որը մեզ տալիս է հնարավորություն շտկելու մեր թերությունները: Իսկ որ անցումային երկրներում քաղաքացիների վերաբերմունքը բացասական է, դա օրինաչափ է, միայն Հայաստանին բնորոշ չէ»,- ասաց վարչապետը: