կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-04 20:25
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում արցախցիներին դադարեցնել ցույցը

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում արցախցիներին դադարեցնել ցույցը

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արցախի մայրաքաղաքում մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերին: Նա նշեց, որ ուշի ուշով հետևել է Ստեփանակերտում ծավալվող իրադարձություններին և բողոքի ակցիաներին, մշտապես կապի մեջ է եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Տեղյակ է, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչների հետ, լսել նրանց պահանջները, և մտահոգությունների վերաբերյալ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Տեղյակ է նաև, որ Բակո Սահակյանը պատրաստվում է ամբողջությամբ իրականացնել այդ պայմանավորվածությունները:

«Ըստ էության, ցուցարարների և Արցախի իշխանությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, փոխադարձ ըմբռնում, որ ստեղծված իրավիճակից պետք է արվեն հետևություններ: Ուստի, եկել է մի փուլ, որ մեր Արցախի ցուցարարները պետք է հնարավորություն տան Արցախի իշխանություններին իրականացնել պայմանավորվածությունները, պահանջները:

Հասկանալի է,  որ դրանք պետք է իրականացվեն հանդարտ պայմաններում: Ուրեմն ճիշտ կլինի, որ մեր սիրելի հայրենակիցները, հարգելի ցուցրարները Արցախի իշխանություններին հնարավորություն տան իրագործելու այդ պայմանավորվածությունները: Եթե այդ պահանջները հետագայում ի կատար ածվեն, հետևություններ չարվեն, այդ դեպքում ցուցարարները կարող են շարունակել իրենց բողոքի գործողությունները:

Իմ եղբայրական կոչ ու հորդորն է, որ հարգելի ցուցարարները դադարեցնեն ցույցը և հնարավորություն տան Արցախի իշխանություններին պայմանավորվածոթյունները ի կատար ածել: Գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է: Եթե խնդիրները չիրագործվեն պայմանավորվածությունների համաձայն, ցուցարարները գնդակը կարող են ետ բերել իրենց դաշտ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ չի ցանկանում մտնել տեղի ունեցածի մանրամասների մեջ ու գնահատականներ հնչեցնել: Միաժամանակ շեշտեց, որ սիրում ու հարգում է բոլոր արցախցիներին, հպարատանում է նրանցով, և հուսով է, որ իրավիճակը կհանգուցալուծվի փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: