կարևոր
3085 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 12:15
Քաղաքական

Վորլդ Վիժն Հայաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել մարդկանց հիմնարար իրավունքները

Վորլդ Վիժն Հայաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել մարդկանց հիմնարար իրավունքները

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը` Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունը, որից 30,000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Ավելին, 1,100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունեն ավելի քան մեկ ամիս է։

Շրջափակման արդյունքում դադարել է Հայաստանից Արցախ սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտություն ունեցող պարագաների մատակարարումը։ Ժամանակ առ ժամանակ ընդհատվել են ձմեռային եղանակային պայմաններում ծայրահեղ անհրաժեշտ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները: Արդյունքում կաթվածահար է եղել առողջապահական, կրթական, և այլ հաստատությունների և կենսական ծառայությունների լիարժեք գործունեությունը։ Ամբողջությամբ կասեցվել է դպրոցների, նախակրթարանների և այլ կրթական հաստատությունների աշխատանքը։ Իրավիճակը ճգնաժամային է:

Դրությունը, սակայն, մարդասիրական աղետ լինելուց բացի, ուղղակիորեն առնչվում է Արցախում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներին և ազատություններին։ Խախտվում են նրանց ազատ տեղաշարժի, սոցիալական պաշտպանության՝ այդ թվում կրթության և առողջապահության իրավունքները, վտանգվում՝ կյանքի, ազատության և անվտանգային իրավունքները։ 
Մարդու իրավունքների՝ նման կոպտագույն խախտումները վտանգում են Արցախում ապրող երեխաների առողջությունը և կյանքի իրավունքը ու խաթարում նրանց բարեկեցությունը:

Սույնով, Վորլդ Վիժն Հայաստանը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպություն, վերահաս հումանիտար աղետը կանխելու և Արցախում ապրող մարդկանց  և հատկապես երեխաների իրավունքները երաշխավորելու հիմնավորմամբ, կոչ է անում անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել մարդկանց հիմնարար իրավունքները։

Վորլդ Վիժն Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր հնարավորությունները ներդնել ստեղծված իրավիճակից տուժած երեխաների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու ուղղությամբ և՛ այսօր, և՛ իրավիճակի հանգուցալուծումից անմիջապես հետո»։