կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 13:11
Իրավական

Դատարանը մերժեց «Սպայկա»-ի տնօրենին գրավի դիմաց ազատ արձակելու` պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց «Սպայկա»-ի տնօրենին գրավի դիմաց ազատ արձակելու` պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը: 

«Չանձնավորելով որևէ դատավորի կամ վարույթ իրականացնող մարմնի՝ անձնավորված որևէ վիրավորանք չենք ուզում ասել, այնուամենայնիվ, այս որոշումը մենք գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ», - դատարանի որոշումից հետո լրագրողներին ասաց Ղազարյանի պաշտպանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։ 

Դատարանի փաստարկները, թե, ազատության մեջ գտնվելով, Ղազարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, պաշտպանը որակեց որպես վերացական բացատրություն:

«Որևէ տվյալ, որ պարոն Ղազարյանը երբևէ քննությանը խոչընդոտել է, չի ներկայացվում, և վարույթ իրականացնող մարմինն ու դատախազը դա ընդունում են, ու միայն վերացական դատողություն է իրականացվում, որ ընկերության ղեկավարը հեղինակավոր անձ է, նրա հեղինակությունը կարող է ազդել քննության վրա: Ի՞նչ է սա նշանակում: Եկեք, ուրեմն, Սահմանադրության մեջ գրենք, որ անձը պետք է հեղինակազուրկ լինի, որ նրա ազատությունը ապահովվի», - ասաց պաշտպանը՝ նշելով, որ կալանքը փոխելու` իրենց բողոքի մերժման հիմքերը բացակայում են, և «Սպայկայի» տնօրենին անազատության մեջ պահելը կարող է տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջացնել:

ՊԵԿ հաղորդագրության համաձայն` «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Նրա պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ գրավի դիմաց ազատ արձակել Ղազարյանին: