կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-24 19:02
Հասարակություն

Հանձնարարվել է շտկել հակակարկտային հրթիռների ֆունկցիոնալ թերությունները

Հանձնարարվել է շտկել հակակարկտային հրթիռների ֆունկցիոնալ թերությունները

Մայիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ռուսական «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության առաջատար մասնագետներից կազմված պատվիրակությանը՝ ակադեմիկոս Մագոմեդ Աբաշևի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկման ընթացքում հայտնաբերված ֆունկցիոնալ թերությունների շուտափույթ շտկման և հետագայում ֆունկցիոնալ խաթարումներից խուսափելու նպատակով իրականացվող միջոցառումները: 

Փորձարկումները ցույց են տվել, որ հակակարկտային հրթիռներն ունեն բարձր արդյունավետություն, սակայն ֆունկցիոնալության տեսանկյունից առկա են են խնդիրներ, մասնավորապես՝ կրակոցների ընթացքում 15-17% շեղումներ են արձանագրվել: 

ԱԻ նախարարը շեշտեց, որ խնդիրները պետք է վերացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում, քանի որ հակակարկտային հրթիռային կայանների անխափան գործունեությունը կենսական նշանակություն ունի գյուղատնտեսության համար: 

Ռուս գիտնականները ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար անցկացնելու են վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև՝ շարունակելու են հրթիռային կայանների և հրթիռների փորձարկումները:

Նոր հակակարկտային հրթիռային կայաններից արդեն իրականացվել է մեկ տասնյակից ավելի կրակոց, որից 8-ը՝ Ոսկեվազ համայնքի տարածքում, որտեղ առկա է եղել կարկտաբեր ամպ: Այդ ամպի վրա իրականացվել է ակտիվ ներգործություն, որի արդյունքները դրական են գնահատվել:

Ռուս մասնագետները Հայաստանում կմնան մինչև մայիսի 25-ը: