Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին` ի՞նչ հարցեր են տալու կառավարության նոր անդամներին, ի՞նչ խնդիրներ են բարձրացնելու: «Թողեք` մարդիկ գան, տեսնենք ինչ ա, ինչ չի, նոր, այ հիմա էլ ընցաք մեր յանի՞ց: Նոր-նոր նշանակել են, չեմ ճանաչում, բայց ջահել տղերք են, ի՞նչ վատ ա»:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք ծանոթ է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ, թե պետք է հանել այդ հայեցակարգը, Սարոյանը պատասխանեց. «Ծանոթ չեմ, բայց մի բան գիտեմ` բոլորս պետք ա մեր բանակի կողքին լինենք: Հիմա անվտանգության քարտուղար կլնի, Սեյրան Սարոյան կլնի, ով կլնի` բոլորս էլ պետք ա մեր բանակի կողքին լինենք, որը մեր բանակի համար լավ ա, պիտի անենք բանակի համար»:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը` պատգամավորն ասաց, որ եթե ինքը նման բան է արել, թող իր անունն էլ հրապարակեն: «Ես տենց պետական պաշտոնի եղել ե՞մ, որ բան գողանամ էս պետությունից: Մեզի ո՞վ ա թողե, որ էդ կաստուրկին մոտ էթանք, որ մի հատ էլ գողանամ»,- ասաց նա: Իսկ թե ո՞ւմ են մոտ թողել, Սարոյանն ասաց, որ չգիտի:
Խոսելով նաև պատգամավոր Կոնջորյանի այն հայտարարության մասին, թե երիտասարդ նախարարներն անփորձ են «ատկատների» ու կոռուպցիայի հարցում, նա ասաց. «Հարյուր տոկոս ճիշտ ա ասել, ջահել են, հլը սովոր չեն, բայց կսովորեն: Տա Աստված, որ չվերցնեն կաշառք, եթե նամուս ունենան, եթե թասիբ ունենան չեն անի տենց բան: Կյանքը ցույց կտա: Կարող ա նենց պրինցիպյալ են, որ չանեն տենց բան: Եթե չանի ես իրա ցավը տանեմ»:
Իսկ կմասնակցի՞ արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ, Սարոյանն ասաց, որ կյանքը ցույց կտա: «Ասում ա` մինչև չգա թազեն, հինը չի հիշվի, չէ՞: Հիմա եկել են, բարով են եկել: Ոչ մեկի վրա ցեխ չի կարելի շպրտե: Մեր ազգի վատն ի՞նչն ա, որ իրար վրա ցեխ շպրտենք, մնդռենք: Ես երբեք ըտենց բան չեմ արել, հիմա էլ չեմ անում: Տա Աստված` ժողովրդի ցանկությունը կատարենք: Տե'ս ջահել տղերք են, չէ՞, նշանակվել, բոլորն ասում են` անփորձ են, մթոմ սաղի պապերը մինիստր էին եղել կամ պապական եկել էին մինստր, սրանք էլ ջահել են: Ջահել են, կսովորեն, գրագետ տղերք են, օրենք գոյություն ունի, եթե օրենքը չխախտեն, ընտիր ղեկավար կլնեն, բայց եթե սկսին օրենքը խախտել, օրենքները ֆռցնել, լավ չի լինի: Ճիշտ էիք ասում` սրանք տրույկներ անել չգիտեն, օրենքով պետք ա էթան առաջ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Վլաստը տվինք, պրծանք, էլ ի՞նչ եք ուզում»:
Դիտարկմանը` ամբողջությամբ չեն տվել, օրենսդիրում մեծամասնություն են, Սարոյանն արձագանքեց. «Մեր նման խելո՞ք: Նիկոլն ինչ թուղթ բերավ, ըհը, կնոպկեն սեղմինք, գնաց, մեր նման խելոք դեպուտատ կա՞: Էսօր բա ո՞ւմ բերածներն էին, որ քվեարկինք, հո՞րս: Նիկոլի բերածներն էին: Տեսա՞ք, սաղ միաձայն գնաց»:
Նա նաև անդրադարձավ հարցին, թե ինչ մտահոգություններ ունի Փաշինյանի և Ալիևի հետ բանակցությունների կապակցությամբ, ինչպե՞ս կբանակցի Փաշինյանը: «Ա'յ երեխեք ջան, հլը բան չարած, հիմա ինչ ասեմ ես: Հլը մի անգամ հանդիպում էլ չի եղել, որ տենամ` ինչ ռեակցիա կա, ես հիմա ի՞նչ ասեմ: Շա՞տ գիտեմ` Նիկոլի մտքի մեջ ինչ կա: Բայց որ Նիկոլն էլ հայրենասեր, թասիբով տղա ա, հո էտի չենք կարա կասկածենք: Մի հատ Նիկոլ, տեսա՞ք, սաղիս խառնում էր իրար: Ինքն ամեն ինչը` ինչ ժողովրդին պետք ա, սաղիցս լավ գիտի, որովհետև միշտ բարձրաձայնել ա էդ հարցերը, հիմա էլ թող ինչ-որ բարձրաձայնել ա, ինչի մասին խոսացել ա, թող դնի, նայի: Սաղ կա յութուբի մեջ, չէ՞, ձեր էդ կինոների մեջ կա, թող տենա` ինչի մասին ա խոսացել, էդ հարցերը քննարկի, էդ հարցին լուծում տա»,- ասաց Սարոյանը:
Հարցին էլ` բացառո՞ւմ է ՔՊ-ի ցուցակով մասնակցելը ընտրություններին կամ առհասարակ կմասնակցի՞, նա արձագանքեց. «Ես ի՞նչ իմանամ` վաղն ինչ կլինի, հո էս աթոռը պապական աթոռս չի: Թող ավելի ջահել տղա, ինձնից լավ տղա էղնի, ասեմ` դու գնա պատգամավոր: Ի՞նչ գիտես` էգուց ինչ կլնի: Ես պետականամետ մարդ եմ, իմ պետության համար առողջությունս էլ եմ տվել, կյանքս էլ եմ տվել, ինձ չի հետաքրքրում մեկը կամ մյուսը, ինձ հետաքրքրում ա, որ իմ պետությունս հզոր էղնի, որ էս ժողովուրդը լավ ապրի: Ճիշտ ա` ես Հանրապետական ֆրակցիայում եմ եղել, բայց տեսել եք, թե ժողովրդի հետ մի բան են խոսացել, հելել կռվել եմ սաղի հետ էլ, ընձի չի էլ հետաքրքել` կխռովեն, չեն խռովի, կնեղանան, չեն նեղանա: Կարող ա մեկին աչո՞տ եմ տվել ես, բերանս ինչ եկե, ասել եմ, տեմ բոլեե` հիմա ավելի ազատ»:
Հարցին էլ` հույս ունի՞, որ Փաշինյանը կկարողանա Հայաստանում լուրջ փոփոխություններ կատարել,Սարոյանը պատասխանեց. «Էդ հարցը Նիկոլին տուր, ասա` Նիկո'լ ջան, հույս ունե՞ս: Ես խոմ գուշակ չեմ, որ իմանամ»: