կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-01 16:19
Քաղաքական

Ինչպիսին է պաշտպանության և անվտանգության մասին վարչապետի թեկնածու Փաշինյանի պատկերացումը

Ինչպիսին է պաշտպանության և անվտանգության մասին վարչապետի թեկնածու Փաշինյանի պատկերացումը

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:

Նահապետյանը նշեց, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից նկատվում են ռազմական տեխնիկայի կուտակումներ: Նրա խոսքով՝ կան տեղեկություններ, որ, պայմանավորված Հայաստանի ներքին իրադրությամբ, հակառակորդի ներքին ճամբարում աշխուժություն է նկատվում, անգամ` առաջարկներ են հնչում սրացումներ առաջացնելու մասին: «Դուք արդեն նշեցիք, որ վարչապետ ընտրվելու դեպքում հանդես եք գալու նաև որպես գերագույն հրամանատար: Ուզում եմ ասել, որ նման իրավունք միայն պատերազմի ժամանակ եք ունենալու, խաղաղ ժամանակ նման իրավունք չեք ունենալու: Ինձ, շատերին մտահոգում է Ձեր կարողությունն ու պատրաստվածությունը, պաշտպանության և անվտանգության Ձեր իմացությունը, քանի որ վարչապետ ընտրվելու դեպքում շատ պատասխանատու որոշումներ պետք է կայացնեք, հատկապես՝ պատերազմի ժամանակ: Իրողությունն այն է, որ Սահմանադրությամբ ունենք հստակ պետական քաղաքականություն, որոնք պետք է ամբողջապես իրացվեն թե' խաղաղ ժամանակ, թե' պատերազմի: Այս համատեքստում երկու հարց եմ ուղղում Ձեզ: Իրավիճակ առաջին՝ ՀՀ-ին սպառնացող վտանգ է առկա, և կառավարությունը հնարավորություն չունի որոշում կայացնելու զինված ուժերի կիրառման վերաբերյալ: Իրավիճակ երկրորդ՝ ինչպիսի՞ իրավական հնարավորություն եք տեսնում ԶՈւ-ի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում ԶՈւ-ի առանձին ստորաբաժանումների օգտագործման մասով»,-հարցրեց Նահապետյանը:

Փաշինյանը պատասխանեց, որ հարցը զարմացնում է իրեն, քանի որ երկու ժամից ավելի քննարկում են, որ պետության մեջ որոշումները պետք է ունենան ինստիտուցիոնալ բնույթ: «Ի գիտություն ձեզ` ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, և Դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում դաս եք տալիս: ՀՀ-ում կան ինստիտուտներ, գլխավոր շտաբ, պաշտպանության նախարարություն, և ընդհանրապես, վարչապետը պատերազմի ժամանակ որոշումներ կայացնում է` համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով: Ասելով, որ պատրաստ եմ կատարել ՀՀ-ի վարչապետի պաշտոնը՝ նկատի չունեմ, որ հանրապետության ամենաուժեղ էներգետիկն եմ կամ ամենաուժեղ տրանսպորտիկը, կամ` հրետանավորը, հետախույզը, բժիշկը, օդաչուն»,- ասաց նա՝ հավելելով, որ վարչապետի կարգավիճակը քաղաքական կարգավիճակ է առաջին հերթին:

Փաշինյանը նշեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հերթին իր մոտ կհրավիրի պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի, ԱԱԾ-ի համապատասխան պաշտոնյաներին, կլսի նրանց զեկույցը հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին, հաստատված պլանների մասին տեղեկություն կստանա, ինչպես նաև նրանց կարծիքը՝ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ ամենը լսելուց և վերլուծելուց հետո միայն անհրաժեշտ որոշումներ կկայացնի:

Նահապետյանն իր հերթին խոր ափսոսանք հայտնեց, որ Փաշինյանը չի տիրապետում ո'չ Սահմանադրությանը, ո'չ պաշտպանության մասին օրենքին: «Ես Ձեր փոխարեն այդտեղ կանգնած չեմ՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու, որ ամբողջական և սպառիչ պատասխանեի, թե ինչպես կվարվեի որպես վարչապետ: Ցավում եմ, որ Դուք ուղղակի չեք կարող վերցնել այն հիմնական բեռն ու պատասխանատվությունը` որպես գերագույն հրամանատար, որովհետև եթե Դուք չգիտեք այն հիմնական կարգավորումները, Դուք, ով պետք է որպես վարչապետ պաշտոնավարի, նրան մոլորության մեջ կգցի և' պաշտպանության նախարարը, և' ԶՈւ շտաբի պետը: Ես հիմա պարզաբանեմ՝ առաջին իրավիճակում ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ որոշումներ կայացնել զինված ուժերի կիրառման մասին, ապա պաշտպանության նախարարի առաջարկությամբ՝ վարչապետը ԶՈւ-ի կիրառումը գործողության մեջ դնելու որոշում պետք է կայացնի: Եթե Դուք դա չգիտեք, պատկերացնում եմ՝ ինչ իրավիճակում պետք է հայտնվեն մեր հայրենակիցները»:

Նահապետյանը նշեց, որ Փաշինյանը քննություն է բռնում ԱԺ-ում` որպես վարչապետի թեկնածու, ոչ թե ռազմագիտության քննություն հանձնող:

Փաշինյանն էլ արձագանքեց, որ ցավում է՝ Նահապետյանը լավ չի պատկերացնում, թե հիմա ինչով են զբաղված: «Ես գայթակղությանը չեմ տրվի և Ձեզ հարցեր չեմ տա երթևեկության կանոնների մասին, որովհետև իսկապես ցավում եմ, որ Դուք շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով, և եթե թվում է՝ տպավորություն եք թողնում, սխալվում եք»,- ասաց նա: