կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-03 13:43
Հասարակություն

ՀԿ-ները «ՎիզաՄետրիկ»-ի հարցով կդիմեն Գերմանիայի դեսպանատանը

ՀԿ-ները «ՎիզաՄետրիկ»-ի հարցով կդիմեն Գերմանիայի դեսպանատանը

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ն պատրաստվում է նամակ հղել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ներկայացվող առաջարկները չընդունելու և այդ գործընթացը լիովին կասեցնելու համար: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով` թեև ՀՀ արդարադատության նախարարությունը փակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, սակայն Շենգենյան վիզայի տրամադրման ընթացակարգում կան որոշակի ռիսկեր: Ըստ Դանիելյանի` եթե մենք օբյեկտիվ պատճառաբանություններ ներկայացնենք, թե ինչու չենք ցանկանում, որ մեր քաղաքացիների դիմումներն ընդունի ռուս-թուրքական ընկերությունը, ապա միջազգային կազմակերպությունը հաշվի կնստի դրա հետ:

«Ի վերջո, մեր երկիրը կարող է որոշել, թե իր քաղաքացիներն ինչ ճանապարհով պետք է վիզա ստանան և ինչ ճանապարհով գնան»,- նշեց նա` անընդունելի համարելով հասարակության անձնական տվյալները նման ընկերության վստահելը:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյան էլ նշեց, որ նախքան նման որոշում կայացնելը, պետք է հանրային լսումներ անցկացվեին, խնդիրը քննարկվեր հասարակության հետ: «Հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է շրջափակման հետ, մենք շատ զգույշ պետք է լինենք մեր քաղաքացիներին վերաբերող ինֆորմացիայի հետ»,- ասաց նա:

Նշենք, որ օրեր առաջ արդարադատության նախարարությունը պահանջել էր ուղեփակել «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու` նրա հնարավորությունը՝ մինչև գործակալության ստուգման գործողությունների ավարտը: