կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-15 18:50
Հասարակություն

Կբարելավվի սոցիալական խնամքի ծառայությունների որակը

Կբարելավվի սոցիալական խնամքի ծառայությունների որակը

Կառավարությունը սահմանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը և փոփոխություններ, լրացում կատարել մի շարք որոշումներում: Հիմնավորման համաձայն, ՊՈԱԿ-ին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն է տրվում միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով:

Ըստ այդմ՝ նախարարության ենթակայության մի շարք ՊՈԱԿ-ներ, իրենց կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացումն ապահովելու համար, ներկայումս չեն կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեության այնպիսի տեսակներ, որոնք հիմնադրի որոշմամբ սահմանված չեն, սակայն առկա են դրանց արդյունավետ իրականացման համար օբյեկտիվ նախադրյալներ: Ընդունված որոշմամբ կապահովվի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների (Երևանի N 1, Նորքի, Գյումրու, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատներ, «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոն և Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն) կողմից իրենց կանոնադրական նպատակների իրականացմանը և տվյալ կազմակերպության հնարավորություններին համապատասխան՝ ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելու լիարժեք հնարավորություն, ինչը շահավետ կլինի նաև տնտեսապես և կստեղծի հավելյալ արդյունք խնամքի ծառայությունների որակը բարելավելու համար:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղակայման համար անհրաժեշտ տարածքների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվեն համապատասխան տարածքներ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և Երևանում: