կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-14 17:59
Տնտեսական

Սեւանի էկոհամակարգի վիճակը կբարելավվի

Սեւանի էկոհամակարգի վիճակը կբարելավվի

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից մշակված Սեւանա լճի էկոհամակարգի եւ ջրաբանական մոնիտորինգի իրականացման միջոցառումների ծրագիրը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ ըստ ծրագրի` Սեւանա լճի ավազանում կլինեն 6 ավտոմատ օդերևութաբանական կայաններ, գոլորշացուցիչ, 1 բեռնաուղևորատար ավտոմեքենա եւ այլն: Լճի ավազանի գետնամերձ շերտի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի իրականացման համար կստեղծվի ու կգործարկվի Սեւանի ավազանի 5 բնակավայրերի` Սեւանի, Գավառի, Մարտունու, Վարդենիկի եւ Վարդենիսի 36, նաեւ «Սեւան» ազգային պարկի 24 պասիվ նմուշառման դիտակետից բաղկացած դիտացանց:

Տեխնիկապես կվերազինվի ավազանի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի եւ գնահատման համակարգը: «Սեւանի էկոհամակարգի եւ ջրաբանական մոնիտորինգի իրականացման անհրաժեշտությունը, լինելով տեղեկատվական տվյալների հավաքագրման անընդհատ գործընթաց, հնարավորություն կտա հետևել լճի ձեւաչափերի փոփոխության միտումներին, պարզել դրանց պատճառները ու ձեռնարկել միջոցառումներ դրանք պահպանելու ու լավացնելու համար, այդ թվում՝ ջուրը, օդը, հողը, կենսաբազմազանությունը եւ ջրաբանական ցուցանիշները»,- ասել է նախարար Հարությունյանը եւ հավելել, որ այս միջոցառումների իրականացումը կնպաստի Սեւանա լճի էկոհամակարգի վիճակի մասին համալիր տեղեկատվական բանկ ստեղծելուն, իրավիճակը ճշգրիտ գնահատելուն, ավազանի օդում, ջրում եւ ցամաքում ընթացող պրոցեսները կառավարելի դարձնելուն, հետևապես` ջրի որակը բարելավելուն: