կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-19 20:02
Հասարակություն

Կբարելավվի նախադպրոցական կրթության ոլորտի գործունեությունը

Կբարելավվի նախադպրոցական կրթության ոլորտի գործունեությունը

Կառավարությունը որոշում է ընդունել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ:  Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախընտրական ծրագրով և կառավարության ծրագրով նախադպրոցական կրթության ոլորտում ստանձնվել են մի շարք պարտավորություններ, և «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը միտված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված խնդիրների լուծմանը: Նախարարի խոսքով՝ օրենքն, ըստ էության, 80 տոկոսով փոփոխված է, և օրենքի ընդունմամբ ակնկալվում են մի շարք արդյունքներ՝ նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովման, մանկավարժական կադրերի վերապատրաստման, ատեստավորման, հաստատությունների գործունեության կանոնակարգման, վերահսկողության համակարգի ապահովման համար օրենսդրական հիմքերի ստեղծում, ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, կրթության պետական կառավարման լիազոր մարմնին, տարածքային կառավարման լիազոր մարմնին, ՏԻՄ-երին վերապահվող գործառույթների հստակեցում, ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն, նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականության և մատչելիության ապահովում, երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավական երաշխիքների ապահովում և այլն: Նախագծով կարգավորվում է նաև նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում գործունեություն ծավալող ոչ պետական տարբեր կազմակերպությունների լիցենզավորման հարցը:

Հարցի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված համալիր ծրագրերի շրջանակում դիտարկվում է նաև նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը, և մինչև տարեվերջ շահագրգիռ գերատեսչությունները պետք է համալիր առաջարկներ ներկայացնեն այս ուղղությամբ, որպեսզի 2020 թվականից ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերը սկսեն իրականացվել նաև այս բաղադրիչի կիրառմամբ: