կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-27 10:38
Քաղաքական

Մենք շատ լավ դիրքերից ենք սկսում. Սերժ Սարգսյան

Մենք շատ լավ դիրքերից ենք սկսում. Սերժ Սարգսյան

Ներկայացնում ենք ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ ՀՀԿ խորհրդի նիստում՝ հատվածաբար. «Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ հաստատվելու կապակցությամբ. ոմանց դեպքում վերընտրվելու, մյուսների պարագայում՝ առաջին անգամ խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Հատկապես ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին՝ մեր երիտասարդական կառույցի անդամներին և վստահ եմ, որ նրանք եկել են մեր խորհուրդ՝ բերելով նոր եռանդ, նոր ոգևորություն, նոր ավյուն, նոր էներգիա:

Շաբաթ օրը ես շատ լավ հանդիպում եմ ունեցել մեր երիտասարդական կառույցի հետ: Առանց չափազանցնելու ասեմ, որ ունենք լուսավոր երիտասարդներ և ինչպես այնտեղ եմ ասել՝ մենք շատ հանգիստ կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան: Վստահ եմ, որ խորհրդի երիտասարդ անդամները շատ ջանասեր են լինելու և եկել են այստեղ, որպեսզի մասնակցեն մեր բարեփոխումներին նոր եռանդով: Երկրի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցչական մարմնի անդամ լինելը, իմ պատկերացմամբ, ոչ թե ինչ-որ արտոնություն է, այլ ակնկալիքով հանդես գալ է, այլ լրացուցիչ ծանրակշիռ պարտականություն է:

Նոր Սահմանադրության պայմաններում մեր երկրում փոխվելու է քաղաքական կուսակցությունների դերակատարության աստիճանը, փոխվելու են կուսակցական աշխատանքի ծավալներն ու հարթությունները: Այստեղ որևէ կասկած ես չունեմ: Այս խորհուրդը շատ ավելի ակտիվ դերակատարություն է ունենալու ամենատարբեր թեմաների քննարկման և, իհարկե, որոշումների կայացման մեջ՝ ավելի ակտիվ, քան եղել է մինչ այսօր: Սա ոչ միայն մեր կուսակցությանն է վերաբերում, այլ վերաբերում է բոլոր կուսակցություններին: Կարծում եմ՝ բոլոր այն կուսակցությունները, որոնք ապագայում կշարունակեն իրենց գործունեությունը, պետք է աշխատեն այս ոճով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում թե՛ կուսակցական աշխատանքում, թե՛ պետական աշխատանքում և թե՛ անձնական կյանքում:

Այսօրվա մեր հիմնական խնդիրն, անշուշտ, գալիք խորհրդարանական ընտրություններին բարձր մակարդակով նախապատրաստվելն ու ներկայանալն է: Մենք շատ լավ դիրքերից ենք սկսում, պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել, թե մեր առջև կանգնած իրական խնդիրները որքան լավ ենք պատկերացնում, ունենք ամենաիրատեսական և իրական առաջընթաց ապահովող ծրագրերն ու որն ամենից կարևորն է՝ ամենակենսունակ թիմը:

Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է, և սա վաղուց է՝ գոնե առնվազն 10-12 տարի է, որ մեր կուսակցությունն այդպիսին է: Կարող է սա ոմանց դուր գալ, կարող է դուր չգալ, բայց սա իրականությունն է: Հետևաբար, մեր ծրագրերով հանդես գալուց բացի, առաջին հերթին հենց մեր պարտականությունն է նոր սահմանադրական կարգավորումների շրջանակում նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան լավ ընտրությունների անցկացումը: Մենք ամեն ինչ արել ենք մինչ այս պահն այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար և այսուհետ ևս պետք է շարունակենք նույն ոգով:

Երբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընթանում էին բանակցություններ Ընտրական օրենսգրքի շուրջ, ապա չի եղել գրեթե մի կետ, որի շուրջ մենք չլինեինք կառուցողական, որտեղ մենք ողջամիտ զիջումների չգնայինք, որպեսզի ունենայինք քաղաքական համաձայնությամբ ընդունված Ընտրական օրենսգիրք: Սա աննախադեպ է ոչ միայն մեր երկրի համար, այլ նաև ընդհանրապես պրակտիկայում: Ուստի, մենք պետք է շատ խնամքով վերաբերվենք մեր ներդրմանն այս գործում»: