կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 13:01
Քաղաքական

Շարմազանովի «ուշքը չի գնում» Փոստանջյանի խոսափողն անջատելու համար, բայց…

Շարմազանովի «ուշքը չի գնում» Փոստանջյանի խոսափողն անջատելու համար, բայց…

ԱԺ նիստում, երբ ելույթ էր ունենում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ներկայացնում էր քառօրյայի օրակարգը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Գալուստ Սահակյանին, որը կրկին վերաբերում էր ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանին:

 

Նշենք, որ Շանթ Հարությունյանի վերաբերյալ նրա նախորդ հարցը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց` ասելով, որ այն կապ չունի օրակարգի հետ:

 

«Պարո'ն Սահակյան, կխնդրեի պարզաբանել, թե Շանթ Հարությունյանի դատապարտումը ինչպես կապ չունի օրակարգի հետ: Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Շանթ Հարությունյանը ոչ թե քաղբանտրակյալ է, այլ հանցագործ ու պետք է դատապարտվի, ուղղորդում է դատարանին: Օրակարգում նյութ կա, որը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը: Սերժ Սարգսյանը՝ ձեր ղեկավարը, հայտարարություն է արել մինչև Շանթ Հարությունյանի դատավճռի հրապարակումը: Ինչո՞ւ եք խուսափում համարժեք պատասխաններ տալ իմ հարցերին, ինչո՞ւ եք խոչընդոտում պատգամավորի` կարծիք արտահայտելուն»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ թեև պատգամավորի բարձրացրած հարցը կապ չունի օրակարգի հետ, սակայն կպատասխանի նաև այդ հարցին: «Նախ` Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, և այդ դեպքում ձեր նախագահն է և ՀՀ քաղաքացիների նախագահն է, բայց օրակարգի հաստատման շրջանակներում չէ, որ պետք է այս հարցերը քննարկվեն»,- ասաց ԱԺ նախագահը:

 

Կրկին հարց տալու իրավունքից օգտվելով` Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Սերժ Սարգսյանը ձեր խմբակի նախագահն է, ոչ թե ՀՀ նախագահը, և նա իրավունք չուներ հայտարարություն անելու դատաքննության վերաբերյալ…»: Սակայն Էդուարդ Շարմազանովը կրկին անջատեց նրա խոսափողը` ասելով. «Սա պառլամենտ է, և խնդրում եմ այստեղ խոսել պառլամենտական բառապաշարով: Սիրելի'ս, իմ ուշքը չի գնում` Ձեր միկրաֆոնն անընդհատ անջատել, բայց Դուք էլ պետք է լինեք էթիկայի ու կոռեկտության սահմաններում»: