Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարկետում լինելու է և մնալու է, դա մեր ընդունված օրենքով է, և դրա մեջ գրված չէ, որ տարկետում չի լինելու. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» անդամների` կրկին հացադուլը վերսկսելու որոշմանը:
«Օգտվելով առիթից` խնդրում եմ նրանց դադարեցնել հացադուլը և վերադառնալ կառուցողական փուլ: Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ ՊՆ-ն Դավիթ Պետրոսյանից և նրանցից սպասում էր ոչ թե հացադուլ, այլ առաջարկություններ: Ես նոյեմբերի 22-ի քննարկումից հետո այլ քննարկման չեմ մասնակցել, մեր նպատակն էր կառավարության և ուսանողների մոտեցումները քննարկել իրար հետ: Մեր միջնորդությամբ երեք-չորս անգամ ԿԳ նախարարի հետ էին հանդիպել, մի քանի անգամ էլ` ՊՆ-ի հետ: Մեր հանդիպման ժամանակ ես նրանց հորդորել եմ, ասել եմ` շատ մեծ, մաքսիմալիստական ցանկությունները կամ նպատակները կարող են գուցե հիասթափություն առաջացնել»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա` ուսանողներին ինքն ասել է, որ եթե 20 առաջարկներից 5-ն էլ ընդունվի, ապա դա էլ է առաջընթաց:
Դիտարկմանը` նրանց որևէ առաջարկ չի ընդունվել, Շարմազանովը պատասխանեց. «Այն, որ 5-րդ կետը մտցվել է, դա արդեն ընդունել է նշանակում: Նրանք երկու առաջարկ են արել: ՊՆ-ն, ըստ նրանց, հիմնավոր մերժել է մեկը, մյուսի շուրջ քննարկումներ են: Ո՞նց եղավ, որ ոչ մի առաջարկ չի ընդունվել»:
Հիեցնենք, որ ՊՆ-ն մերժել էր ուսանողների այն առաջարկը, որ արձակուրդների ընթացքում ծառայություն իրականացնեն, դասերի ժամանակ սովորեն: «Մեր քննարկումների ժամանակ էլ ասվել է, որ այդ առաջարկը մերժվում է, իսկ երկրորդ առաջարկի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Քննարկման արդյունքը չպետք է լինի քո 100% ասածների ընդունումը»,- ասաց Շարմազանովը, ապա նշեց, որ չի կարող ասել, թե ինչու են ուսանողները կրկին հացադուլ անում:
Դիտարկմանը` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տղաներին մեղադրել է առաջադրանք կատարելու մեջ, նա արձագանքեց, որ ինքը մարդկանց գնահատականներ չի տալիս և բազմիցս ասել է տղաների մասին իր կարծիքը:
«Պարզապես ափսոսում եմ, որ տղաները գնացին այդ ճանապարհով: Եթե ինձ ավագ ընկեր են ընդունում, մարդ են ընդունում, խնդրում եմ, ընդհանուր գործի շահերից ելնելով, դուրս գալ հացադուլից, շարունակել քննարկումները: Ես եթե մի բանում համոզված չլինեմ, չեմ կարող հայտարարություն անել: Դավի'թ ջան, եղբա'յր, թող հացադուլը, գնացեք, աշխատեք կառավարության հետ, սա ամենաճիշտ ճանապարհն է, հացադուլը ճիշտ չէ»,- ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ երեկ «Հանուն գիտության զարգացման» անդամները հացադուլը վերսկսելու որոշում էին կայացրել` նշելով, թե իշխանությունները չեն կատարել իրենց պահանջները, և նրանց հետ քննարկումներն ավարտված են: