կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-01 15:30
Քաղաքական

Ես չեմ ասում, որ ՀՀԿ-ի համար ժողովրդի ուշքը գնում է. Շարմազանով

Ես չեմ ասում, որ ՀՀԿ-ի համար ժողովրդի ուշքը գնում է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն դիտարկմանը, թե իշխանության հետ համագործակցելը գուցե ինչ-որ տեղ վարկանիշի անկում է ենթադրում: «Վարկանիշը սոցիալ-հոգեբանական երևույթ է. տարբեր մարդիկ վարկանիշների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր կարծիքներ»,- ասաց փոխխոսնակը:

Նա նշեց, որ համամիտ չէ Արմեն Ռուստամյանի գնահատականների հետ, բայց նաև այն կարծիքին չէ, որ «բոլորի ուշքը գնում է» իշխանության համար: «Բայց, միևնույն ժամանակ, բոլորի ուշքը չի գնում ընդդիմության համար: Եվ այդ իմաստով` մեր երկրում կան խնդիրներ, և Հանրապետականը չի գնում` պրիմիտիվ խնդիրներ լուծելու, չի գնում` պրիմիտիվ եզրույթներ օգտագործելու կամ ասելու: Այսինքն՝ զգացմունքային չէ խնդիրը, խնդիրը խորքային է, և Հանրապետականն իր սկզբնավորման առաջին իսկ օրվանից մշտապես առաջնորդվել է պետության գերակայությամբ: Միշտ ստացվել է կամ չի ստացվել, դա այլ հարց է, բայց որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես ունեցել է նպատակ` ծառայել հայրենիքին, ծառայել պետությանը, քաղաքացուն, դա փաստ է: Բնականաբար, եղել են նաև թերություններ, բայց այն, որ ՀՀԿ-ն այսօր էլ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ և ամենամեծ ռեսուրսն ունեցող քաղաքական ուժն է, իր բոլոր թերություններով հանդերձ, փաստ է: Այն, որ այս հարցում տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ տարբեր կարծիքներ, սա էլ բնական է. մեզ մոտ բազմակարծություն է, և ես չեմ ուզում հիմա ասել` ըստ իս՝ ով վարկանիշ ունի, ով վարկանիշ չունի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ քաղաքական կուսակցությունների արդյունավետությունը երևում է ընտրություններում: «Դրա համար մենք նախաձեռնել ենք նաև Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություն, որը պետք է ընդունենք մինչև հունիսի 1-ը, որպեսզի, օրենքով սահմանված կարգով, թղթի վրա այնպիսի մեխանիզմներ ստեղծենք, որոնք գրեթե զրոյի կհասցնեն ընտրական խախտումները, կրկնաքվեարկության հնարավորությունը, որպեսզի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հանրությունը որևէ կասկած չունենա, հիմնավորված արդյունք ունենա: Բայց այն, որ Դաշնակցության իմ բարեկամը կարող է ունենալ մի կարծիք, ես էլ կարող եմ ունենալ մեկ այլ կարծիք քաղաքական ուժերի վերաբերյալ, նորմալ է: Իսկ ինչ վերաբերում է Հանրապետականին, ապա ի լուր բոլորի պետք է ասեմ՝ ուզեն մեր գործընկերները, թե չուզեն, ես չեմ ասում Հանրապետականի համար ժողովրդի ուշքը գնում է, աննորմալ էլ կլինի, որ ես այդպիսի բան ասեմ, բայց այն, որ, իր բոլոր թերություններով հանդերձ, Հանրապետականը ամենակայացած, ամենակայուն, ամենակուռ և ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, սա փաստ է: Իսկ այն, որ մենք նաև կուսակցամոլ չենք, ջայլամի նման գլուխներս չենք մտցրել ավազի մեջ և միայն մեզ չենք տեսնում, սա էլ փաստ է: Մենք պատրաստ ենք ծրագրերի, գաղափարների և Հայաստանի ապագա խնդիրների լուծման ուղղությամբ օգտվել նաև այլ քաղաքական ուժերի հետ տարբեր համագործակցության երևույթներից»,- ասաց նա: