կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 16:16
Քաղաքական

Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մեր կարծիքները համընկնեն. Շարմազանովը` Ծառուկյանի հայտարարությունների մասին

Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մեր կարծիքները համընկնեն. Շարմազանովը` Ծառուկյանի հայտարարությունների մասին

Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում` կուսակցության առաջնորդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե անփոխարինելի գործիչներ չկան, և որ դրանով ակնարկում է, որ հնարավոր է չաջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:

«Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի, Պողոսյանի, Հովհաննիսյանի կարծիքները համընկնեն: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր ցանկացած գործընկերոջ, այդ թվում` և Գագիկ Ծառուկյանի գնահատականներին՝ անկախ նրանից` ես այդ կարծիքի հետ համամիտ եմ, թե` ոչ: Կարևորը, որ այդ գնահատականը լինի կոռեկտ»,- հայտարարեց Շարմազանովը:

Նա նշեց, որ անփոխարինելի գործիչներ կան, ինչը նշանակում է, որ եթե այդ գործիչը չլիներ, ապա մարդկությունը կամ այդ ոլորտը շատ բան կկորցնեին: «Ես միշտ ասել եմ, որ անփոխարինելի գործիչներ կան, տվել եմ Վահան Հովհաննիսյանի անունը: Բոլոր ոլորտներում կան անփոխարինելի մարդիկ, օրինակ` Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլում է անփոխարինելի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Հարցին էլ` ՀՀԿ-ն պատրա՞ստ է ընդլայնել կոալիցիան` «Ծառուկյան» դաշինքի ընդգրկմամբ, ինչը Ծառուկյանը չէր բացառել, Շարմազանովն արձագանքեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, բայց ՀՀԿ-ում նման հարց, այդ թվում` ապագա կառավարության վերաբերյալ որևէ հարց, նախագահի թեկնածուի հարց չի քննարկվել:

Նա հիշեցրեց նախագահի խոսքերը, որ շահեկան կլինի հանրության համար, եթե այդ թեկնածուն մեծամասնության կողմից ընդունվի: «Անուններ դեռևս չենք քննարկել: Համոզված եղեք, որ ՀՀԿ-ն կներկայացնի մի թեկնածուի, ով և' անելիք կունենա, և' ասելիք»,- ասաց Շարմազանովը:

Հարցին` ով է որոշելու թեկնածուների հարցը՝ նախագա՞հը, թե՞ ՀՀԿ-ն, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն է, մի՛ տարանջատեք: Նա ՀՀ քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչն է»: