Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման էր ներկայացվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքնների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ օրենքի փոփոխության անհրաժեշտությունը նախ առաջացել է Սահմանադրության փոփոխությամբ, որպեսզի վերացվեն առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ Սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները:
Բացի այդ` օրենքի ընդունմամբ` հստակեցվում են Սահմանադրությամբ սահմանված` մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումները:
Խաչատրյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է բարելավել ՀՀ-ում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացը, նախատեսել լրացուցիչ երաշխիք ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման համար` նրանց հնարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով ՀՀ-ից արտահանելու արյունը և դրանց բաղադրամասերը:
Բացի այդ` կարգավորմամբ՝ քրեական պատժի սպառնալիքի միջոցով կբացառվի եվգենիկական փորձերի կատարումը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: «Եվգենիկական փորձերը արգելված են աշխարհով մեկ, և որոշակի պատժամիջոցներ են սահմանվել հարակից օրենքներում»,- ասաց փոխնախարարը:
Հաջորդ նպատակը, ըստ նրա, մարդու օրգանների և հյուսվածքների ապօրինի շրջանառությունը բացառելը կամ նվազեցնելն է և կիրառելը միայն հումանիստական նպատակներով: «Այսինքն՝ ոչ թե առքուվաճառք է տեղի ունենում, այլ փոխհատուցում է դոնորներին էներգետիկ և բիոլոգիական ծախսը, որ հանգեցնում է արյան հանձնման կարգից, նաև օրենքում սահմանվում է ճանապարահածախսը»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ նախագծով կարգավորվում է արյան ծառայության ստեղծման կարգը: «Արյան ծառայությունը նոր մարմին չէ, ցանց է այն հաստատությունների, որոնք բժշկական և ոչ բժշկական հաստատություններ են, որոնք իրականացնում են արյան դոնորի ընտրություն, քարոզչություն, հավաքագրում են արյունը, պահպանում և տրամադրում արյունառուին: Նախագծով սահմանվել են երկու խումբ հասկացություններ՝ բժշկական ծառայություն և ոչ բժշկական: Բժշկականի դեպքում դրանք լիցենզավորող հաստատություններն են, իսկ ոչ բժշկականները զբաղվում են քարոզչությամբ, կատարում արյան դոնորի ընտրություն և այլն»,-ասաց Խաչատրյանը:
Փոխնախարարը նշեց, որ մշտապես խնդիրներ են եղել արյան պաշարների հավաքագրման հարցում, և օրենքով սահմանվում է, որ բոլոր հաստատությունները, որոնք ունեն լիցենզավորում, պարտավոր են պետական պաշարների ձևավորման մեջ դեր ունենալ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք պետք չէ հստակեցում արվի եվգենիկական փորձերի մասով, որպեսզի չխոչընդոտեն գենային ինժեներիային: Փոխնախարարը պատասխանեց, որ եվգենիկական փորձերը գենային ինժեներիայի հետ կապ չունեն, և գենային ինժեներիան իր զարգացման տեմպը կունենա: