Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-12-12 16:26
Հասարակություն

Չեմ ճանաչում գող համայնքապետերին. Ջանջուղազյան

Չեմ ճանաչում գող համայնքապետերին. Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը «չի ճանաչում գող համայնքապետերին»: «Որ ասում եք շատ են եղել, ես էդ հարցը չեմ հասկանում։ Եղել են այնքան, ինչքան եղել են, և դրանք հրապարակվել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով ՏԻՄ-երին նվիրված համաժողովի ժամանակ նախագահի այն հայտարարությանը, որ համայնքապետերին գողություններն այլևս չեն ներվելու։

Հարցին` բյուջեից համայնքներին տրամադրված միջոցների քանի՞ տոկոսն է անարդյունավետ ծախսվում, Ջանջուղազյանը պատասխանեց. «Եթե ես իմանամ անարդյունավետ ծախսի չափը, ապա այն կդադարի անարդյունավետ լինել, որովհետև մեր խնդիրն է ջանքեր չխնայել, որ անարդյունավետ ծախսեր չլինեն, այսինքն` եթե ես անարդյունավետ ծախսերի տեղն իմանամ, ես այն արդյունավետ դարձնելու միջոցներ կձեռնարկեմ»։

Նրա խոսքով` համայնքներին բյուջեից տրամադրվող տարեկան դոտացիաները կազմում են 48 մլրդ դրամ, և հնարավոր չէ ասել, թե դրանց որ մասն է անարդյունավետ ծախսվել։

Դիտարկմանը` ժամանակին Իշխան Զաքարյանն ասում էր, որ բյուջեից տրամադրած միջոցների 70 տոկոսը մսխվում է, Ջանջուղազյանն արձագանքեց. «Երբևէ լսած կա՞ք, որ կառավարությունը որևէ նման բան ասի։ Չեք կարող այդպիսի բան լսել։ Լավ, ասենք՝ Իշխան Զաքարյանն ասել է, բայց ինչո՞ւ եք ինձ հիմա նման հարց տալիս: Ես այդպիսի բան չեմ կարող ասել, որովհետև այդպես չեմ մտածում, որովհետև գիտեմ, որ դա այդպես չի չափվում։ Հիմա այդ 70 տոկոսի տեղը դուք տեսե՞լ եք։ Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ մեծ գումար է։ Դուք համարում եք, որ այդքանը հնարավո՞ր է մսխել»։

Հարցին` արդյո՞ք 48 մլրդ դրամը բավարար է համայնքային զարգացման համար, և արդյո՞ք ճիշտ կլինի, եթե պետբյուջեն ընդհանրապես դադարի համայնքներին դոտացիաներ տալ, փոխնախարարը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ ծախս բավարար է այն նպատակի լիարժեք իրագործման համար, որին նպատակաուղղված է, որովհետև մեր կարիքները բոլոր ուղղություններով ավելի մեծ են, քան բյուջեն հնարավորություն ունի։ Միջոցների տրամադրում համայնքներին պետք է այնքանով, քանի դեռ ունենք տարածքային համաչափ զարգացման խնդիրներ։ Եթե ինձ կարող եք ասել մի բանաձև, որը հնարավորություն կտա առանց դոտացիաների տրամադրման զարգացնել համայնքները, եկեք քննարկենք, բայց այդպիսի տարբերակներ, կարծում եմ, քիչ կգտնենք»։