Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ. խորհրդարանում լրագրողներին ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` անդրադառնալով հարցին` ի՞նչ ապրանքներ և ի՞նչ ծավալով են թանկանալու ԵԱՏՄ որոշ պայմանագրերի` ուժի մեջ մտնելուց հետո:
«Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է մինչև 2020-ը՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Առհասարակ, դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահմանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպե՞ս դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- ասաց Միրումյանը:
Նրա խոսքով` ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում: «Սա նշանակում է, որ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, ապա մաքսատուրքի թանկացումը չի ազդի այդ ապրանքի վրա»,- ասաց Միրումյանը:
ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ մենք ունենք նաև ազատ առևտրի մասին համաձայնագրեր գործընկեր այլ երկրների հետ: «Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծումներով, բնականաբար, կստացվի, որ որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված էր Հայաստանին, նաև տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է»,- ասաց նա:
Միրումյանի խոսքով` 2018թ.-ից տեղական արտադրողն ավելի լայն հնարավորություններ է ունենալու, օրինակ` թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար:
Հարցին` երրորդ երկրներից ներմուծումները կրճատվելո՞ւ են, նա պատասխանեց. «Այո, եթե մաքսատուրքի դրույքաչափերը բարձրանում են, այլ պայմաններում ստեղծվում է հնարավորություն այնպիսի երկրներից ներմուծելու, որտեղ մաքսատուրքերի ազդեցությունը չեզոքացվում է»:
Միևնույն ժամանակ, Միրումյանը շեշտեց, որ 2018 թ.-ի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել: Ինչ վերաբերում է արդեն իսկ արձանագրված թանկացումներին, ապա նա նշեց, որ դրանք մաքսատուրքերով պայմանավորված չեն: Հարցին` թանկացումներն իր կյանքի, ընտանիքի վրա ինչպե՞ս են ազդել, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Իմ կյանքում փոփոխություն չի եղել, մնացել է նույնը, բայց ավելի շատ դրամական միջոցներ եմ կորցրել»։