կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 16:03
Քաղաքական

Իհարկե, ճոխությունները պետք է կրճատել, բայց… ՊԵԿ փոխնախագահ

Իհարկե, ճոխությունները պետք է կրճատել, բայց… ՊԵԿ փոխնախագահ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով հարցին` արդյո՞ք Հայաստանում բիզնեսներ են խլվում, ասաց, որ նման բան չի լսել:

«Ես անձամբ նման բան չեմ լսել: Եթե վարչապետը հայտարարել է նման դեպքի մասին, ուրեմն տեղեկություններ կան վարչապետի մոտ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Անդրադառնալով հարկերի թերակատարմանը` նա նշեց, որ այս պահին իսկապես առկա է այդ խնդիրը:

Հարցին` եթե կա հարկերի թերհավաքագրում, ապա ինչպե՞ս է ՊԵԿ-ը ճոխ գնումներ կատարում, օրինակ՝ մեկ միլիոն դրամով բազմոց է ձեռք բերում, Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Իհարկե, ճոխությունները պետք է, ընդհանուր առմամբ, կրճատել: Ես չեմ կարծում, որ պետական եկամուտների կոմիտեում նման ճոխությունների են դիմում: Միգուցե դուք ասում եք` բազմոց` մեկ միլիոն ութսուն հազար դրամանոց, բայց այդ բազմոցը ոչ թե մեկ բազմոց է, այլ մի ամբողջ կոմպլեկտ է: Ես չեմ կարող հիմա մանրամասներ հայտնել դրա վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ այն պատկերացումները, որոնք ունեք դրա մասին, իրականությանը չեն համապատասխանում, որովհետև մեր կառույցում ևս խնդիր է դրված` խնայողաբար օգտագործել հարկատուների գումարները և գնալ կրճատումների ճանապարհով»:

Պնդմանը, թե այդ կահույքը հնարավոր չէ՞ր ավելի էժան գնով ձեռք բերել, Միրումյանը պատասխանեց, որ միշտ էլ կարելի է ավելի էժան գնով ձեռք բերել որևէ ապրանք, սակայն կա գնումների ընթացակարգ, և ովքեր մասնակցում են գնումների մրցույթներին, նրանցից էլ ձեռք է բերվում անհրաժեշտ ապրանքը: