Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտմանը և այլ հարցերի: Նրա խոսքով` իր հողից դուրս Ալիևը շատ բարի է, բայց երբ ոտքը դնում է իր հողի վրա, դառնում է ագրեսոր:
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս իրադարձություններին, և արդեն իսկ հորդորել ենք և' Մինսկի խմբին, և' միջազգային հանրությանը, որ տրվեն հասցեական գնահատականներ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ մենք այլ ակնկալիք էլ չունեինք, որովհետև մեր թշնամին անկանխատեսելի է:
Բաղդասարյանն ընդգծեց, որ սա առաջին դեպքը չէ, և որ տարիներ շարունակ պայմանավորվածությունները չեն կատարվել Ադրբեջանի կողմից:
Հարցին` հասցեական գնահատականներ չկան, իսկ Ադրբեջանն էլ պայմանավորվածությունները չի կատարում, ելքը ո՞րն է, նա արձագանքեց. «Մենք պետք է կարողանանք հասնել այն բանին, որ մեր միջազգային կառույցները դեմքով շրջվեն դեպի իրադարձությունները և կարողանան ճիշտ գնահատական տալ»:
Բաղդասարյանը նաև կարծիք հայտնեց, որ մենք չենք կարող ստիպողական քայլերի դիմել, պետք է քաղաքակիրթ ճանապարհով անենք:
«Չնչին փոփոխություններ, կարծես, լինում են այդ հայտարարությունների մեջ, բայց դա մեզ համար գոհացնող չէ, և մենք պետք է հասնենք այն բանին, որ մշտադիտարկման սարքերը տեղադրվեն, որպեսզի ակնհայտ լինի, թե ով է ագրեսորը»,- հայտարարեց նա:
Բաղդասարյանը նաև բացառեց լայնածավալ պատերազմի հնարավորությունը: Նրա խոսքով` Ադրբեջանը գնահատում է իր հնարավորություններն ու ուժերը. ապրիլյան պատերազմը նրանց համար դաս եղավ: Բաղդասարյանը նշեց, որ այս դանդաղ պատերազմն էլ մեզ ձեռնտու չէ, ձեռնտու չէ նաև Ադրբեջանի ժողովրդին: «Այդտեղ կա զուտ իշխանական շահը, Ալիևի իշխանության շահը, որի համար որևէ գրոշի արժեք չունեն իր զինվորների կորուստները»,- եզրափակեց պատգամավորը: