Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձավ Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը:
Հիշեցնենք, որ, ըստ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի, ցուցահանդեսի փակման պատճառը դրա «քաղաքականացված» լինելն է:
«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս` տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով: «Թանգարանային գիշեր»-ն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հրատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք ՀՀ նախագահից մշակել առանձին թագարան՝ ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված»,- ասաց նախարարը:
Արմեն Ամիրյանի խոսքով`ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է: Որևէ ցուցադրություն, ըստ նրա, թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ: Նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին:
Դիտարկմանը, թե 22 օր եղել է ցուցադրությունը, հետո` փակվել, Արմեն Ամիրյանն արձագանքեց. «Սուբսիդիայի պայմաններում կամ առանձին համաձայնեցված ոչ մի պայմանավորվածություն չի եղել նախարարության հետ: Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին: Ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում: Մենք առաջարկել ենք վերատեսության ենթարկել. գա ու նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնի: Ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է վերականգնվել, բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք»,- հայտարարեց նախարարը:
Ինչ վերաբերում է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են ԱԱԾ-ից, որպեսզի ցուցադրությունը փակի, Ամիրյանը նշեց, թե որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալու: «Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա»,- ասաց նա:
Նախարարը նաև ընդգծեց, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի: «Ես անձնապես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները»,- ասաց նա` հավելելով, որ Նարինե Թուխիկյանը լավագույն տնօրեններից է: