Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ադրբեջանական կայքերն ինտենսիվորեն տարածում էին մահացած մանկահասակ երեխայի լուսանկարը և, մեկը մյուսին հերթ չտալով, որպես ագրեսոր էին ներկայացնում հայկական կողմին: Այս թեմայով Yerkir.am-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանի հետ:
Ըստ նրա` ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: «Հայկական կողմն արդեն իսկ հրապարակել է տեսագրություն, որում հստակ երևում է, որ թուրքական արտադրության համակարգային կայանքից Ֆիզուլի շրջանից ադրբեջանական կողմը կրակ է բացում հայկական ուղղությամբ, և այդ հրետանային միջոցը տեղակայված է հենց բնակավայրում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ սա սեփական բնակչության թիկունքում թաքնվելու քաղաքականության դրսևորում է:
Նա նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել հենց այն պատճառով, որ մեր զինված ուժերը փորձել են ճնշել այդ կրակակետը: Հակոբյանը հավելեց, որ որևէ միջազգային նորմ, նույնիսկ պատերազմ վարելու միջազգային կանոն նման բան չգիտի, և պետությունն իրավունք չունի խաղաղ բնակչության տեղակայված վայրում նման կայանքներ տեղադրել:
Պատգամավորն այսօր առավոտից հետևում է ադրբեջանական մամուլին և տպավորություն է ստացել, որ այդ կնոջ և երեխայի դիակի նկարներն իսկական նվեր են ընկալվել, որպեսզի կարողանան աշխարհով մեկ ցույց տալ: «Սա գռեհիկ և զազրելի ոճ է: Նույնիսկ նրանց խմբագիրներից մեկն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր այդ նկարը, և «Ֆեսյբուք»-ն էր այն բլոկ արել: Ոչ մի կանոնում սա չի տեղավորվում»,- ընդգծեց նա:
Հակոբյանը նշեց, որ դա սահմանին շատ մոտ գտնվող գյուղ է, և Ադրբեջանի համար շատ հարմար է սեփական հրետանային միջոցները տեղակայել այդ գյուղերի տարածքում և այդ գյուղերից կրակ բացել՝ հույս ունենալով, որ հայկական կողմը կխղճա խաղաղ բնակչությանը: «Բայց պատերազմն ունի իր կանոնները, և հայկական զինված ուժերը ստիպված են ճնշել հակառակորդի հրետանային միջոցներն ու կրակ բացել այն ուղղությամբ, որտեղից կրակ են բացում իրենց վրա»,- շեշտեց նա, ապա ասաց, որ ադրբեջանցիները զինվորականին ոչ հարիր պահվածք են դրսևորում:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի հերթական սադրանքը, պատգամավորը բացատրեց հետևյալ կերպ. «Կա տեսակետ, որ բուլղարական կողմի սկանդալային բացահայտումն է պատճառը: Ըստ դրա՝ Ադրբեջանն իր ավիաուղիներով, ընդհուպ` մինչև ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով, ահաբեկչական կազմակերպություններին զենք-զինամթերք է ապահովում: Եվ այն, որ այս սկանդալը ոչ միայն Ադրբեջանի ներսում կարող է ռեզոնանս ունենալ, այլ նաև` աշխարհով մեկ, զգուշանալու համար Ադրբեջանի իշխանությունը գնաց հերթական այս զազրելի սադրանքին»: