կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-05 18:00
Առանց Կատեգորիա

Փաստաթղթերը մերկացնում են ահաբեկիչներին զինող Ադրբեջանին. բուլղարացի լրագրողը պատժամիջոցներ է ակնկալում

Փաստաթղթերը մերկացնում են ահաբեկիչներին զինող Ադրբեջանին. բուլղարացի լրագրողը պատժամիջոցներ է ակնկալում

Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի աղմկահարույց հրապարակման առնչությամբ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Գայտանջիևայի հետ:

- Ադրբեջանի կողմից անօրինական կերպով զենք-զինամթերք տարածելու, դրանք ահաբեկիչներին առաքելու վերաբերյալ կա՞ն այլ տեղեկություններ կամ փաստեր, որոնք Դուք դեռևս չեք տարածել, պատրաստվո՞ւմ եք դրանք որևէ հրապարակման միջոցով դարձնել հանրության սեփականությունը:

- Ես ստուգել և հրապարակել եմ իմ հետաքննության մեջ այն բոլոր տեղեկությունները, որոնք ստացել էի Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունից: Ես ոչինչ և ոչ ոքի չեմ խնայել: Որպես պատերազմական լրագրող, ես իմ սեփական փորձից եմ սովորել, որ ամեն պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Ես ոչինչ չեմ թաքցրել կամ պատրաստվում թաքցնել կամ էլ խեղաթյուրել որևէ փաստ՝ կապված ոչ միայն Ադրբեջանի (տվյալ հետաքննության մեջ), այլ նաև բոլոր այն մասնակիցների հետ, որոնք զենք-զինամթերք են մատակարարել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին: Սիրիայում ես իմ աչքի առջև բազմաթիվ մեռնող քաղաքացիականների տեսա, որոնք տուժել էին ահաբեկիչներին տրամադրված հենց այդ նույն հրթիռներից, և որոնք ինչպես պարզվեց, դիվանագիտական չվերթների միջոցով էին տարածվել: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Սա ոչ թե միայն փողերի համար իրականացվող կեղտոտ բիզնես է, այլև սա բիզնես է՝ ուղեկցվող երեխաների և անﬔղ մարդկանց մահով, և այն պետք է անմիջապես դադարեցվի:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այդ գործողությունները, որոնք ուղղված են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական գործողությունների իրականացումը խթանելու նպատակով անօրինական զենք-զինամթերքի տեղափոխման ու տարածմանը:

- Երբ ստացա այդ փաստաթղթերը, ես ապշած էի: Ես չէի կարողանում հավատալ, որ դա հնարավոր է, որ մի պետական ընկերություն դիվանագիտական չվերթների քողի ներքո զենքի տեղափոխում իրականացնի, ըստ երևույթին Ադրբեջանի ԱԳ նախարարության աջակցությամբ: Այդ փաստաթղթերը Ադրբեջանին մերկացման են ողջ աշխարհով մեկ ռազմական հակամարտությունների խթանման համար զենքի միջազգային մատակարարման գործում: Այս սխեման, Ադրբեջանի իշխանություններին քաջատեղյակ լինելով, աշխատել է առնվազն 3 տարի, ինչն ահավոր և ապշեցնող է: Դա ոչ միայն տվյալ ընկերության կողմից իրականացվող գործունեություն է, այլև այդ գործում ակտիվ ներգրավվածություն ունեն հենց Ադրբեջանի իշխանությունները, որոնք, ինչպես փաստաթղթերն են բացահայտում, առնվազն 3 տարի իրականացրել են 350 դիվանագիտական չվերթ՝ դրանով քողարկելով զենքի միջազգային բեռնափոխադրումը:

- Ի՞նչ եք կարծում, ինչպես պետք է համաշխարհային հանրությունն ու ԶԼՄ-ներն արձագանքեն այս փաստաթղթերին և փաստերին, որոնք հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների եռանդուն մասնակցությունը զենք- զինամթերքի տարածման մեջ:

- Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, համաշխարհային ԶԼՄ-ին՝ դիմելու անհապաղ գործողությունների և հետաքննելու այդ փաստերը: Նրանք արդեն հեշտորեն ապացուցված են, և եթե հզոր ուժերն ազնիվ են և ցանկանում են պայքարել ահաբեկչության դեմ, նրանք պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը հենց այդ նույն ահաբեկիչներին, որոնց դեմ հավաստիացնում են, որ կպայքարեն: Ես խոսում եմ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի երեսպաշտության մասին. հենց նրանք են Ադրբեջանի դիվանագիտական չվերթների միջոցով մատակարարվող զենքի հիմնական օգտատերերը: