Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն՝ բողոքելով մրցակից ընկերության՝ «adjarabet.am» էլեկտրոնային կայքի սեփականատեր հանդիսացող «Կաբարկո» ընկերության վարքագծից: Ըստ բողոքի, վիճակախաղերով եւ շահումով խաղերով զբաղվող «adjarabet.am»-ի գովազդները պարունակում են ակնհայտ անբարեխիղճ մրցակցության տարրեր՝ վնասելով մրցակից ընկերությունների, տվյալ պարագայում իրենց շահերին:
Մասնավորապես, գովազդի տեքստում առկա հետեւյալ ձեւակերպումները` «ամենաշատ մրցաշարերը Հայաստանում», «ամենաբարձր գործակիցները սպորտում», «ամենահետաքրքիր արագ խաղ, պրոգրեսիվ ջեքփոթ» եւ «ամենահայտնի Live կազինո խաղերը մեզ մոտ» նախադասություններում օգտագործվող «ամենա» գերադրական աստիճանի օգտագործումը արգելվում է օրենքով, քանի որ այն ուղղակիորեն սպառողներին ուղղորդում է օգտվել հենց իրենց ծառայություններից՝ միաժամանակ վնասելով մրցակիցների շահերին: Ամենահետաքրքիր, ամենահայտնի, ամենաբարձր եւ նման այլ արտահայտություններով փորձ է արվում մոլորեցնել սպառողներին՝ ցույց տալով, որ լավագույնը հենց իրենց ընկերությունն է եւ այլընտրանք չկա: Բացի այդ, դիմումատուն նշում է նաեւ, որ սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում նաեւ այն, որ «adjarabet.am»-ի գովազդային վահանակներում պատկերված են 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պատկերներ, ինչն օրենքով արգելված է:
Հանձնաժողովի դիտարկմամբ, տնտեսվարողի նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է, ինչի համար «adjarabet.am» կայքը շահագործող ընկերությունը՝ «Կաբարկոն» ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:
ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներին մեկ անգամ եւս հորդորում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, կամ դրսեւորել այնպիսի վարքագիծ, որը ոչ միայն կշփոթեցնի եւ կմոլորեցի սպառողներին, այլ նաեւ կվնասի մրցակից ընկերությունների շահերին: