կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 11:59
Քաղաքական

Չգիտեմ` մի գիշերվա մեջ ձեզ ինչ եղավ. Վահրամ Բաղդասարյանն` ընդդիմությանը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չգիտի, թե մի գիշերվա մեջ ինչ է եղավ ընդդիմությանը: «Երեկ բավական մեղմ էիք, գիշերն ինչ-որ վատ է անդրադարձել»,- ԱԺ-ում, նախքան կառավարության ծրագրի քվեարկությունը, ելույթն այսպես սկսեց պատգամավորը: Նա նշեց նաև, որ երեկ ավելի օբյեկտիվ էին ընդդիմության ելույթները:

«Կառավարության ծրագրի իրականացման պատասխանատվությունը քաղաքական մեծամասնությունն է, և դրա իրավունքը մեզ տվել է հանրությունը, այնպես որ` դուք մեզ հետ գործ ունեք մինչև 2022 թվականը: Բազմիցս մեր ընդդիմադիր գործընկերները նշում են, թե պետք չէ անհատին ֆետիշացնել, բայց այսօր անհատի անուն են ուզում, թե ով է լինելու վարչապետ: Քաղաքականության մեջ նոր քայլեր կատարող քաղաքական ուժը ցանկանում է փորձառու մեծամասնության համար ծուղակ պատրաստել, որ մեկ տարի առաջ մենք անուններ հնչեցնենք, և մեկ տարի անց դուք ասեք, թե մեկ տարի առաջ արդեն որոշել էինք ամեն ինչ»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց նաև, թե կառավարության ծրագիրը քաղաքական ծրագիր է, և պետք է հենվեն հենց քաղաքական ծրագրի վրա, ոչ թե քննարկեն` ովքեր են լինելու վարչապետն ու նախարարները:

Ըստ Բաղդասարյանի` անվտանգության հարցի մասին շատ են խոսում` ասելով, թե նոր ծրագրում մանրամասն գրված չէ` ինչ է արվելու: «Անվտանգության կիզակետը ԼՂ-ի կարգավորման խնդիրն է: Դուք ի՞նչ եք կարծում, պետք է կետ առ կետ ասվի՞ այդ մասին: Անվտանգության հարցում ոչ թե պետք է անընդհատ խոսվի, այլ գործ արվի: Չպետք է գրգռել զինվոր կորցրած ընտանիքների զգացմունքները, պետք է խոսել հաղթանակած բանակի մասին»,- ասաց պատգամավորը:

Նա նաև հարց ուղղեց «Ելք» դաշինքի պատգամավորներին, թե ընտրություններից հետո նրանք գիտեի՞ն` ով է լինելու իրենց խմբակցության ղեկավարը, որ անընդհատ ուզում են ճշտել, թե ով է 2018-ին լինելու վարչապետ: Բաղդասարյանը նշեց նաև, որ գոհ չեն «Ելք»-ի հետ համագործակցությունից.: «Կաջակցեք մեզ մինչև 2018-ը, գուցե ձեզնից մեկի թեկնածությունն էլ առաջադրվի վարչապետի պաշտոնում: Այստեղ բավականին իրոնիայով են խոսում շատերը, և ես ակամայից հիշեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի` պադյեզդների ակնարկը, և ովքեր հեգնանքով են խոսում, թող այդ պատմությունը հիշեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը, դիմելով ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանին եւ Հրայր Թովմասյանին, ասել էր, թե նրանց կծեծեն «պադյեզդներում», եթե իշխանություն չունենան այլեւս. «Ձեր մեջ կան մարդիկ, որոնք չարախնդում են ընդդիմության պառակտումների վրա, առաջին հանրապետության անկումի վրա: Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»: