Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-06-06 11:32
Հասարակություն

Վստահ եղեք` ձեր գիտելիքին համարժեք գնահատական եք ստանալու. Լևոն Մկրտչյանն այցելեց քննակենտրոն

Վստահ եղեք` ձեր գիտելիքին համարժեք գնահատական եք ստանալու. Լևոն Մկրտչյանն այցելեց քննակենտրոն

Այսօր մեկնարկել են «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունները:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ քննություն պետք է հանձներ 158 դիմորդ /ինը բացակա էին/:

ԿԳ նախարարը, հաջողություն մաղթելով դիմորդներին, նշեց, որ ամենկարևորը չհուզվելն է, քանի որ այս տարի դիմորդների թիվն այնպիսին է, որ յուրաքանչյուրը միջին գնահատականով հանգիստ կարող է ընդունվել իր ուզած բուհը: «Այնպես որ` մի' հուզվեք, հանգիստ ձեր քննություններն անցկացրեք և վստահ եղեք, որ ձեր գիտելիքին համարժեք գնահատական եք ստանալու: Ավելի շատ մտածեք` հետո ինչպես եք լավ սովորելու»,- ասաց ԿԳ նախարարը:

Արթուր Գևորգյանը, ով քննություն հանձնող դիմորդներից մեկն էր, նշեց, որ քննությանը շատ լավ է պատրաստվել և որոշել է ֆինանսական գծով շարունակել կրթությունը: «Սա առաջին քննությունն է: Մաթեմատիկա և անգլերեն առարկաներից էլ դեռ պետք է քննություն հանձնեմ: Կարծում եմ` մաթեմատիկան կլինի ամենադժվարը: Բոլոր քննություններին պատրաստվել եմ կրկնուսույցի մոտ` մեկ տարի պարապելով»,- ասում է Արթուրը:

Նա ասում է, որ արդեն իսկ որոշել է` նախ` բանակ կգնա, հետո արտերկիր` կրթությունը շարունակելու և հետ վերադառնալու ակնկալիքով:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրվել է 5191 դիմորդ: ՀՀ-ում ձևավորվել է 29 քննակենտրոն, և 5 քննակենտրոն էլ Արցախում: «Բոլոր քննակենտրոններում քննությունները մեկնարկել են, ընթացքի հետ կապված որևէ խնդիր  չունենք: Բոլոր քննակենտրոններում գործում են տեսախցիկներ, և ծնողները հետևում են ընթացքին»,- ասաց նա: