Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ներկայացնում են Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը` «Վերադարձ» խորագրով: Ռուսաստանի (1991) և Վրաստանի (2004) ժողովրդական արտիստուհի, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդցիթելին ապրիլի 12-ին` ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ նրա նվագախմբի նվագակցությամբ:
Թամարա Գվերդցիթելիի հրաշալի և հզոր ձայնը, ինչպես նաև երգացանկը /վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական և այլն/ ընդունվել և սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարևորություն է տալիս հենց համերգային գործունեությանը, և նրա համերգները միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:
1987 թվականից սկսած՝ ընդգրկվել է տարբեր մրցանակաբաշխություններում ու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։ 1991 թվականին Թամարա Գվերդցիթելին հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել նաև Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում: 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով:
Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա երգացանկը նաև հարուստ է Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններով: