կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-29 16:33
Քաղաքական

Այդպիսի մանր-մունր հարցերով ես չեմ զբաղվում. Վարդան Բոստանջյան

Այդպիսի մանր-մունր հարցերով ես չեմ զբաղվում. Վարդան Բոստանջյան

«Ծառուկյան» դաշինքից  պատգամավոր ընտրված Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը մայիսի 19-ին մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել ԱԺ նախագահին: Ըստ սահմանված կարգի` եթե այս անձինք յոթնօրյա ժամկետում հետ չվերցնեն իրենց դիմումները, ապա հրաժարականը կհամարվի ընդունված, որից հետո մանդատները կտրամադրվեն այն անձանց, ովքեր նշված պատգամավորներից հետո ամենաշատ ձայնն են ստացել իրենց ընտրատարածքներում:

Նշենք, որ Խաչիկ Մանուկյանին փոխարինող ամենահավանական թեկնածուն նույն՝ թիվ 7 ընտրատարածքից Նորա Առուստամյանն է, ով «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի օգնականն է, «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը: Թիվ 3 ընտրատարածքից ընտրված Հարություն Ղարագյոզյանին փոխարինող ամենահավանական թեկնածուն Հակոբ Նազարյանն է, ով ԲՀԿ-ի Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի նախագահն է: Թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արտյոմ Ծառուկյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Գևորգ Պետրոսյանը, ով աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարն է:

Նշենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանն ասել էր՝ այդ թեկնածուների անունները վերջնական չեն, քանի որ դեռևս պետք է քննարկում տեղի ունենա և որոշում կայացվի:

Այսօր փորձեցինք «Ծառուկյան» դաշինքի որևէ ներկայացուցչից ճշտել՝ հստակեցվե՞լ են մանդատը վայր դրածներին փոխարինողների անունները` հաշվի առնելով նաև այն, որ արդեն լրացել է նրանց՝ դիմումները հետ վերցնելու հնարավորության ժամկետը: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը մեզ տեղեկացրեց,  որ դեռևս վերջնական քննարկում տեղի չի ունեցել թեկնածուների ընտրության հարցում, իսկ ինքն էլ մամուլից է տեղեկացել, թե հավանաբար ովքեր են մանդատը վայր դրածներին փոխարինողները:

«Այդպիսի մանր-մունր հարցերով ես չեմ զբաղվում, ես էդ տեսակը չեմ»,- ասաց նա՝ արձագանքելով հարցին՝ իսկապե՞ս մանդատից հրաժարվելու դիմումները վերջնական են, և արդյոք հենց Նորա Առուստամյանը, Հակոբ Նազարյանը և Գևորգ Պետրոսյանն են փոխարինելու պատգամավորական մանդատից հրաժարվածներին:

Վարդան Բոստանջյանն ասաց նաև, որ ԱԺ` վաղը կայանալիք  արտահերթ նիստում անդրադարձ չի լինելու մանդատը վայր դրածներին և նրանց հավանական փոխարինողներին: «Կմնա հերթական նիստին»,- ասաց նա: